211652_close_icon
views-count613 դիտում article-date 15:52 13-11-2026

Կառավարության ֆինանսավորմամբ, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի վերահսկողությամբ ավարտին է մոտենում 30 տարուց ավելի «մարդաբոյ» փոսերով ու վթարներով հարուստ Էջմիածին-Աշտարակ մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Արդեն ավարտին է մոտենում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի վերահսկողությամբ իրականացվող՝ Արմավիրի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող՝ Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգումը, և այդ ճանապարհը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար առաջացած «մարդաբոյ» փոսերի պատճառով, ինչի հետևանքով տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, իսկ վարորդներն էլ վնասում էին ավտոմեքենաները՝ կրելով նյութական վնասներ։

Նշված ճանապարհի մասին SHAMSHYAN.com-ը մի քանի հրապարակումներ էր կատարել, որով պատկան մարմիններին էինք ներկայացրել հազարավոր վարորդների մտահոգությունը, որ աշխատանքների ավարտը չէր երևում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 12-ին, ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, մնացել է 1.5-2 կիլոմետր, որից հետո, երբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտվեն, մի քանի օր հետո կատարվելու են անհրաժեշտ գծանշումները, քանի որ մասնագետների կարծիքով, ինչը նաև միջազգային փորձն է ցույց տվել, ասֆալտապատումից անմիջապես հետո սխալ է գծանշումներ անելը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մի քանի անգամ անդրադարձել էինք հազարավոր վարորդների, ինչպես նաև Արմավիրի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգման դանդաղ ընթացքի մասին, երբ հազարավոր բնակիչներ, հազարավոր վարորդներ, Շահումյան, Դաշտ և այլ գյուղերի բնակիչներ իրենց խոսքն էին ուղղել ճանապարհաշինարարներին, ովքեր կարելի է ասել ըստ քմահաճույքի էին աշխատել, իսկ մինչ այդ վարորդները կոտրում էին ավտոմեքենաները, ճանապարհի աջ և ձախ կողմերում գործող խանութները, առևտրի կրպակները, գյուղատնտեսական ապրանքների, հավի, բադի մեծածախ վաճառքով զբաղվողները իրենց աշխատանքային գործունեությունը սկսում էին փոշու մեջ, իսկ անձրևային եղանակին տպավորություն է, որ մարդիկ գտնվում են Անապայում, որտեղ ցեխի վաննաներ են ընդունում։

Սեպտեմբերի 13-ին վարորդներն ի նշան բողոքի սպառնացել էին պարալիզացնել առանց այն էլ պարալիզացված մի քանի կիլոմետրանոց ճանապարհը, քանի որ ըստ նրանց՝ ճանապարհաշինարարները ցուցաբերում էին դանդաղկոտություն, աշխատում էին 2-3 հոգով, այն էլ հնդիկներ, իսկ երբ տեղեկանում են, որ տարածք էր ժամանելու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ապա աշխատողների թիվն ավելանում էր ու տպավորություն էր ստեղծվում, թե օրերի ընթացքում ճանապարհը կհիմնանորոգվեր։ Բայց երբ Դ․ Խուդաթյանը չէր գալիս, նորից ճանապարհաշինարարները տեղում դոփում էին։

«6 անգամ եղել է դեպք, որ շտապօգնություն ենք կանչել բուժառուի համար, ու բոլոր դեպքերում էլ շտապօգնությունը ոչ իր մեղքով կանչի վայր է հասել բավականին ուշացումով ու դրա մեղավորը ոչ թե բժիշկներն են, այլ այն կազմակերպությունը, որին կառավարությունը հսկայական գումարներ է հատկացրել ճանապարհի հիմնանորոգումը սկսելու և ավարտին հասցնելու համար, մինչդեռ տեսնում եք ինչ վիճակում է գտնվում ճանապարհը։ Էլ չենք ասում, որ մի քանի անգամ էլ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել ու անգամ պարեկներն էլ են ուշացել այդ քանդված, ավերակի վերածված, ամռան տապին՝ փոշով, անձրևին՝ ցեխով պատված այս ճանապարհի պատճառով։

Հիմա խնդրանքով դիմում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դ․ Խուդաթյանին, բայց նաև քաջ գիտենալով, որ ինքը բավականին ծանրաբեռնված է։ Տեսնում ենք նաև, թե Հայաստանում ինչքան ճանապարհների կառուցման, նորոգման ու հիմնանորոգման գործերի է հետևում, բայց խնդրում ենք, իր մեկ ու բավականին խիստ, նույնիսկ անհրաժեշտության դեպքում համաձայն ենք, որ ցուցաբերի կոպտություն ու դրանց պարտադրի, որ թամբալություն չանեն։

Ասում են՝ մենք մեր կուրսը փոխել ենք, գնում ենք Եվրոպա։ Եվրոպայում եթե ճանապարհաշինարարները ցուցաբերեին նման անպատասխանատվություն, չեք պատկերացնի ինչ կլիներ նրանց ճակատագիրը։ Կամ ասում են՝ մենք արդեն Չինաստանին դարձել ենք գործընկեր։ Չինաստանում մարդիկ մեկ շաբաթում մի քանի կիլոմետրանոց ճանապարհ են կառուցում, իսկ մեզ մոտ հիմնանորոգման վերջը չի երևում։

Երեխաներին մանկապարտեզ ու դպրոց ենք տանում փոշու միջով։ Էն խեղճ արագիլները լեզու ունենային, իրենք էլ բողոքի ակցիա կանեին։ Մենք այսօր չենք դիմում բողոքի ակցիայի, չենք պարալիզացնում ճանապարհը միայն հավատալով Դավիթ Խուդաթյանին, ով մեր դարդին դարման կլինի»,- նշել էին նրանք։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր