211652_close_icon
views-count262 դիտում article-date 16:35 13-11-2026

Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել․ փաստաբանը հերքում է տարածված տեղեկությունները

Մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ իբր Վաղարշապատում 15-ամյա 2 աղջիկների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, որի պատճառն էլ նույն տղայի նկատմամբ զգացմունքներն էին, իրականությանը չեն համապատասխանում, այս մասին հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Խոսքը երկու անչափահաս ընկերուհիների մասին է, որոնք միմյանց հետ վիճաբանել են կենցաղային, ավելի ճիշտ՝ երեխայական հարցի, այլ ոչ միևնույն տղայի նկատմամբ ունեցած զգացմունքների պատճառով։

Որևէ մեկը մյուսին դանակով չի հարվածել, կիրառված գործիքը եղել է կախազարդ, իսկ պատճառված վնասի աստիճանն էլ՝ ոչ էական։ Այո՛, նախաձեռնված է քրեական վարույթ, բայց երեխաները հաշտվել են միմյանց հետ և որևէ բողոք մեկը մյուսի նկատմամբ չունի։

Խնդրում եմ զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և անչափահասների մասնակցությամբ միջադեպերին անհարկի աղմկահարույց բնույթ հաղորդելուց։ Խոսքը երեխաների մասին է, որոնց իրավունքներն ու լավագույն շահերը պետք է գերակայեն դիտումներ ապահովելու ցանկության նկատմամբ»,- նշել է փաստաբանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում անչափահասը անչափահասին դանակահարել էր, ինչի հետևանքով վիրավորը տեղափոխվել էր «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանները՝ բաժնի պետ Շմավոնյանի գլխավորությամբ, պարզել էին, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 15-ամյա Մարիա Յ.-ի և 15-ամյա Նարե Գ.-ի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ էլ Նարե Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել էր Մարիա Յ.-ին, ինչի հետևանքով վերջինը «որովայնի 1-ին պատի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Նարե Գ.-ն դեպքի վայրից դիմել էր փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, բանակցություններ էին վարել Նարե Գ.-ի հարազատների հետ, ովքեր հայտնել էին, որ երեխային կներկայացնեն ոստիկանություն։ Մինչ այդ պահը դեռևս նրան չէին ներկայացրել։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարիա Յ.-ն սովորում է Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցում, իսկ Նարե Գ.-ն՝ Երևանի պետական հումանիտար քոլեջի 1-ին կուրսում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր