Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ «Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներն ու ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը։
Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունները փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտովթարի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գավառի բնակիչ 15-ամյա Ռաֆայել Բ․-ն է, իսկ վիրավորը՝ 17-ամյա Դավիթ Բ․-ն։ Մահացածն ու վիրավորը սովորում էին Գավառի ավագ դպրոցում։ Իսկ թե ով է եղել նրանցից վարորդը, քննչական վարչությունում պարզում է։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածն ու վիրավորը Գավառում հայտնի «Բայազետ հոլլ»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։