211652_close_icon
views-count1336 դիտում article-date 17:59 12-03-2026

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Երևանում. Նոր Արեշ 12-րդ փողոցում բնակվող կանայք ասում էին՝ մարտի 8-ին «դարի նվերը» ստացանք «Վեոլիա ջրից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Մարտի 8-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցում 100-ից ավելի սեփական տներում ապրող կանայք, ինչպես իրենք էին նշում, «դարի նվերն» են ստացել «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։

Երեկ՝ մարտի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները զայրացած ու արդարացիորեն իրենց վրդովմունքն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանը և ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին.

«Մարտի 8-ին «Վեոլիա ջուրը» դարի ամենաուժեղ «նվերը» մատուցեց մեր փողոցի կանանց։ Ու այդ նվերի չակերտավոր ասած բուրմունքը մինչ այսօր էլ զգում ենք։ Մեռանք զանգելով «Վեոլիա ջրի» թեժ գիծ։ Եթե սկզբից ասում էին, թե ձեր խնդրին ծանոթ ենք, ձեր հայտը գրանցված է, ապա վերջին 2 օրերին ընդհանրապես չեն էլ պատասխանում հեռախոսազանգերին։ Նույնիսկ տպավորություն է, որ անգիր գիտեն մեր համարները ու գցել են սև ցուցակ։ Բա հիմա էսքանից հետո ո՞նց չասես՝ սև գա ձեր գլխին։ Ոնց որ սև թուղթ լինեք, միայն գաք, վճարումները տանենք։ Փողոցի 90 տոկոսից ավելին պարտաճանաչ վճարումները կատարում է ու երկար ու ձիգ տարիներ է չենք ստանում ոչ մի որակյալ սպասարկում։ Մի քանի անգամ թաղի բնակիչներով ենք մեքենա ճարել, մեր գրպանից վճարել ենք, ովքեր եկել, դիտահորերը մաքրել են։ Իսկ «Վեոլիա ջուրը» էսքան տարիների ընթացքում 2-3 անգամ է մասնագետներ ուղարկել, ովքեր եկել են ոչ թե գործ են արել, այլ գնդասեղի հաստությամբ երկաթե լարով իբրեւ թե գործ են արել, բացել ու թողել, գնացել են։ Ու դեռ իրենք իրենց գրասենյակ չհասած՝ նորից նույն պատկերն է եղել, կեղտաջրերը դարձյալ դուրս են թափվել։

Հիմա հետաքրքիր է՝ որ կառույցին դիմենք, որ էս խնդիրը վերջնականապես կարգավորվի։ «Վեոլիա ջրից» հույս չունենք, Երևանի քաղաքապետարան էլ դիմում ենք, ասում են «Վեոլիան» մասնավոր ընկերություն է, մենք անզոր ենք, Էրեբունու թաղապետին էլ չենք ուզում ընդհանրապես դիմել։ Դիմես, չդիմես, լրիվ հայտնվում ենք Շեքսպիրի «Լինել թե չլինել» վիճակում։

Ամբողջ փողոցը կեղտաջրով պատված է, հոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից, էլ չենք ասում, որ տների մեծ մասի նկուղներում որոշ տեղերում նույնիսկ 50-60 սմ կեղտաջրով է լցված։ Մեզ թվում է, որ այստեղ պետք է իր խոսքն ասի նաև Առողջապահության նախարարությունը, գոնե քաղաքային իշխանություններին ու «Վեոլիա ջրին» պարտավորեցնեն էս հակասանիտարական վիճակը վերացնեն։ Հիմա հավատալով սպասում ենք, որ գոնե իրոք կկանգնեն բնակչի, սպառողի թիկունքին և օր առաջ խոսքից կանցնեն գործի ու մի ամբողջ թաղամաս կփրկեն գարշահոտից, ինչու չէ նաև տների փլուզումներից։ Ով չգիտի, որ ջուրը եթե լցվում է շենքերի կամ տների նկուղներ, հիմքերի հերն անիծվում է։ Այն ամբողջությամբ թուլանում է, իսկ հետո տան փլուզումն ապահովված է»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր