211652_close_icon
views-count1075 դիտում article-date 19:24 03-11-2026

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված տղամարդը շուրջ 50 օր է՝ հացադուլի մեջ է․ քույրը դիմում է լրատվամիջոցներին՝ խնդրելով փոխել մեղադրանքի հոդվածը և կալանքը փոխարինել տնային կալանքով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Մոտ մեկ տարի առաջ՝ հուլիսի 11-ին, տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով կալանավորված  32-ամյա Աշոտ Բադալյանի քույրը դիմում է լրատվամիջոցներին՝ խնդրելով բարձրաձայնել եղբոր գործի և ընտանիքի համար ստեղծված ծանր իրավիճակի հարցը։

Քրոջ փոխանցմամբ՝ եղբայրն այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և շուրջ 50 օր է՝ հացադուլի մեջ է։ Նա շարունակում է պնդել, որ եղբոր նկատմամբ առաջադրված մեղադրանքի հոդվածը չի համապատասխանում տեղի ունեցածի իրական հանգամանքներին, քանի որ, իրենց համոզմամբ, դեպքը դիտավորությամբ չի կատարվել։

Քրոջ խոսքով՝ միջադեպի ժամանակ եղբայրը փորձել է պաշտպանել ընտանիքին։ Նա պնդում է, որ եղբայրը որևէ մեկին վնասելու դիտավորություն չի ունեցել։

Ընտանիքի անդամի փոխանցմամբ՝ տղամարդն ունի երեք անչափահաս երեխա, որոնց խնամքի և դաստիարակության հարցում ընտանիքն այժմ լուրջ դժվարությունների առաջ է կանգնած։ Երեխաներից մեկն ունի աուտիզմ և հատուկ խնամքի կարիք։

«Մեր խնդրանքն այն է, որ փոխեն մեղադրանքի հոդվածը, քանի որ, մեր համոզմամբ, եղբայրս դիտավորությամբ չի գործել։ Խնդրում ենք նաև, որ կալանքը փոխարինեն տնային կալանքով, որպեսզի նա կարողանա տանը գտնվել, բուժվել և իր երեխաների կողքին լինել։ Երեք անչափահաս երեխա ունի, որոնցից մեկը հատուկ խնամքի կարիք ունի։ Ընտանիքի վիճակը շատ ծանր է։ Արդեն շուրջ 50 օր է՝ եղբայրս հացադուլի մեջ է։ Խնդրում ենք, որ մեր ձայնը լսելի դարձնեն»,– նշել է տղամարդու քույրը։

Քույրը հույս է հայտնում, որ իրավասու մարմինները կարձագանքեն իրենց բարձրացրած խնդրին, կվերանայեն եղբոր նկատմամբ առաջադրված մեղադրանքի իրավական գնահատականը և կքննարկեն կալանքը տնային կալանքով փոխարինելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև նրա առողջական վիճակն ու երեք անչափահաս երեխաների առկայությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր