211652_close_icon
views-count946 դիտում article-date 16:53 03-11-2026

Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչներն ասում էին․ «ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերի ընթացքում լուծեց 35 տարուց ավելի մեզ համար անլուծելի խնդիրը․ այլևս չենք վախենա էլեկտրասյան տապալումից ու լարերի կարճ միացումից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 27-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բուդաղյան փողոցի խնդրանքն էր փոխանցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի 30 տարուց ավելի իրենց փողոցում օգտագործվող փայտե փտած, տապալման եզրին կանգնած էլեկտրասյուներն ու ամբողջությամբ կցոններով իրար միացված էլեկտրալարերը փոխարինվեն նորով։

Հրապարակման հաջորդ օրը ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի հանձնարարականով նշված փողոց են ժամանում ՀԷՑ պատասխանատուները՝ վարչությունների մեկի պետ Արման Սմբատյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուսումնասիրելով խնդիրը, ՀԷՑ-ի աշխատակիցները հեռանում են, իսկ 1 ժամ անց Արաբկիրի շահագործման շրջանի աշխատակիցները ժամանում և հեռացնում են էլեկտրասյան վրայով անցնող՝ սարդոստայն հիշեցնող էլեկտրալարերը։

Ինչպես տեղից հայտնում  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀԷՑ-ի Արաբկիրի էլեկտրացանցի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով ժամանել են Բուդաղյան փողոց ու արդեն մի քանի ժամ է աշխատանքներ են կատարում. հեռացրել են փտած փայտե էլեկտրասյունը և տեղադրել են նորը։ Նրանք փոխել են նաև կցոններով պատված էլեկտրալարերը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «30-35 տարի սպասել ենք այս օրվան ու այդքան տարիներ, առանց չափազանցության, նախկին ՀԷՑ-ի անունով ինչքան նամակներ ենք գրել, նախկին ՀԷՑ-ի թեժ գիծ ինչքան ահազանգ ենք տվել, խոստանում էին, մենք էլ ոգևորվում էինք, բայց հետո պարզում, որ միայն դատարկ խոստումներ ենք լսել։

Հիմա հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ․ Պետրոսյանին, ՀԷՑ-ի վարչություններից մեկի պետ Արման Սմբատյանին, Արաբկիրի էլեկտրացանցի և այս պահին արդեն մի քանի ժամ շարունակ տեղում աշխատող ՀԷՑ-ականներին, քանի որ 35 տարուց ավելի մեր խնդրանքը օրերի ընթացքում նրանց շնորհիվ իրականություն դարձավ։ Նաև իմացանք, որ այն փտած սյան վրայով անցնող էլեկտրալարերի 35-40 տոկոսն էր ՀԷՑ-ին պատկանել, մնացածը ինչ-որ ինտերնետային, կաբելային, հեռախոսային կապերի լարեր էին, որի իրավունքը նրանք չէին ունեցել ՀԷՑ էլեկտրալարերի մոտով անցկացնելու՝ առաջինը հենց անվտանգությունից ելնելով։ Հիմա արդեն ապահով ենք, որ քամուց սյունը չի ճոճվի, էլեկտրալարերն էլ իրար չեն կպնի, «դուգա» չեն տա և բոլորիս տների էլեկտրական տեխնիկաները չեն փչանա»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին մեկ տարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ ՀԷՑ-ի և էլեկտրացանցի աշխատակիցներն այնքան էլեկտրասյուներ էին փոխել, որոնք լուրջ վտանգ էին հանդիսացել քաղաքացիների համար, ու այնքան էլեկտրալարեր էին ապամոնտաժել, որոնք շատ դեպքերում եղել էին կցոնված ու բնակիչների գլխին փորձանք էին եղել, որ վերջին 30 տարում այդքան աշխատանք չէր կատարվել։ Հիմա եթե ներկայացնեինք այդ ամենը, որոշ «տկարամիտներ» կասեին՝ ՀԷՑ-ի ներկայիս ղեկավարության ու աշխատակիցների գովքն էինք անում, մինչդեռ դա իրականություն էր։ 30 տարուց ավելի քաղաքացիները ՀԷՑ-ի դռներն էին ընկել ու միայն չնչին մասն էր, որ մասամբ կարողացել էր խնդիրը լուծել։ Ու այդպես 30 տարուց ավելի մնացել էին կոտրված տաշտակի առաջ։

Հոկտեմբերի 26-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Բուդաղյան փողոցի բնակիչները խնդրանքով դիմել էին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի իրենց փողոցում եղած, ամեն պահի տապալման եզրին կանգնած, վտանգավոր, սովետական տարիներից տեղադրված փայտե էլեկտրասյուներ ու դրա վրայով անցնող կցոններով հարուստ էլեկտրալարերը փոխարինվեին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Արդեն հոգնել էինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դիմելուց։ 30 տարուց ավելի մենակ թղթաբանություն էին պահանջում՝ նամակ բեր, նամակ տար, գալիս, տեսնում էին, ասում՝ իրավացի եք, գործը կսկսենք ու այդքանով իրենց գործը համարելով ավարտված, գնում էին։ Արդեն զզվել էին դիմելուց, ու այն դեպքում, երբ առանց մեր դիմելու էլ պետք է նախկին ՀԷՑ-ը խնդիրը լուծեր, բայց տեղում դոփում էին։ Էդ կցոնված լարերի պատճառով մի թեթև քամի էր լինում, անմիջապես հոսանքի տատանում էր տալիս։ Անգամ եղել են դեպքեր, երբ փչացել է էլեկտրատեխնիկական, էլ չգիտեինք ինչ անել։

Հիմա, երբ տեսնում ենք, որ ՀԷՑ-ը ոչ միայն Երևանում, այլ մարզերում, այդ թվում հեռավոր, ինչպես են նման վտանգավոր էլեկտրասյուներն ու էլեկտրալարերը փոխարինում, մեր մեջ կրկին հույս է արթնացել ու դիմում ենք Ռ. Պետրոսյանին՝ հույսով, որ մենք չեն հայտնվի նույն վիճակում, ինչպես նախկին ՀԷՑ-ի ժամանակ»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Պետրոսյանի հանձնարարականով ՀԷՑ-ի մասնաճյուղի աշխատակիցները այցելել էին նշված փողոց, ուսումնասիրել խնդիրը և խոստացել, որ կարճ ժամանակում բնակիչների արդարացիորեն բարձրացրած հարցը կլուծվի։ Սակայն կար մի բայց, որը բնակիչները երևի թե չգիտեին։ Այդ էլեկտրասյուների վրայով անցնող էլեկտրալարերից միայն 2-ն էր, որ պատկանում էր ՀԷՑ-ին, մնացածը ինչ-որ ինտերնետային, կաբելային, հեռախոսային ընկերությունների կողմից անցկացված լարեր էին ու նայելով դրանց, թվում էր՝ կհայտնվես սարդոստայնում։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր