211652_close_icon

Հակասանիտարական, գարշահոտ վիճակ Երևանում. բարձրահարկ շենքի նկուղը 1 ամսից ավելի է՝ լցվել է կեղտաջրով, բնակիչներն էլ ասում են՝ «Էրեբունի-Երևան» տոնի օրով Երևանի քաղաքապետարանը, Նոր Նորքի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը օդ դուրս եկան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2080 դիտում article-date 21:20 12-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մայրաքաղաքը նշում է «Էրեբունի-Երևան» տոնը, ու այն դեռ սովետական տարիներից երևանցիների համար ամենասիրված տոներից մեկն է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  այսօր SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի նախկին 101, այժմ արդեն թիվ 61 բարձրահարկ շենքի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանին և «Վեոլիա ջուր» ընկերությանը: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 

«Էսօր «Էրեբունի-Երևան» տոնն են նշում, որին նաև մենք միշտ մասնակցել ենք, բայց այսօր չենք կարողանում գնալ, մեր սիրելի տոնին մասնակցել, քանի որ «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքի արդյունքում սովետական տարիներց կառուցված մեր շենքի ամբողջ նկուղում տիրում է գարշահոտ վիճակ: 

«Վեոլիա ջուր»-ը եկավ, իբր թե խցանված կոյուղատարը սարքի, հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեց, էդքանով իր գործը համարեց ավարտված ու Նոյի ագռավի նման գնաց: 

Էդ օրվանից շենքի նկուղը լցվում է կեղտաջրով, հոտը անգամ մինչև 2-րդ, 3-րդ հարկի բնակարաններ է հասնում, մեռանք զանգելով Երևանի քաղաքապետարան, էնտեղից ասում են՝ դիմեք թաղապետարան, զանգում ենք թաղապետարան, ասում են՝ դիմեք համատիրություն, համատիրությունն էլ ոչինչ չի կարողանում անել, «Վելոիա ջուր»-ն էլ ասում է՝ մենք միայն դրսի խողովակների հարցով ենք զբաղվում: Բա էդ դեպքում ի՞նչա, «Վեոլիա ջուր»-ը մեր հաշվին իրենց թափաններն են լցնում, եթե էս հարցով պիտի չօգնեք սպառողին, որոնց տված վճարումների հաշվին ձեր բյուջեն եք լցնում, բա ով ա էս խնդիրը լուծելու: 

Ամոթն էլ լավ բան ա, մտածում էինք, որ մինչև «Էրեբունի-Երևան» տոնի օրը կգան, խնդիրը կլուծեն, բայց չէ, թե քաղաքապետարանը, թե թաղապետարանը, թե «Վեոլիա ջուր»-ը լրիվ օդ դուրս եկան:

Արդեն դրսի դիտահորից ա կեղտաջուրը դուրս տալիս: 

Բա Առողջապահության նախարարը հայտարարություն ա տարածում, թե Հայաստանում կորոնավիրուսի շտամի նոր ենթատեսակ է հայտնաբերվել, բա սրան ինչ անուն տաս, մի կորոնայից բեթար վարակ էլ ստեղ ա տարածվում: 

Հետո էլ ասում եք՝ մենք մտածում ենք երևանցիների մասին, մենք մտածում ենք ամեն մի սպառողի մասին, եթե սա է ձեր աշխատելաոճը, ավելի լավա՝ էս ազիզ, տոն օրով մի սեպագիր նամակ գրենք Արգիշտի թագավորին, որ գա, ձեզ բոլորին շղթայի, տանի Էրեբունի ամրոց ու հավիտյանս պահի զնդանում»: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր