211652_close_icon

Երևանից դեպի Նորաբաց, Դարակերտ տանող ճանապարհն այնքան է պատվել փոսերով, որ վարորդները ամեն օր ավտոմեքենաների անվահեծաններ են կոտրում, անվադողեր պայթեցնում. 20-ից ավելի գյուղերի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1423 դիտում article-date 13:11 23-02-2026
Այս տարի տեղացած առատ ձյան պատճառով ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում են առաջացել հսկայական փոսեր, այդ թվում՝ «մարդաբոյ», ինչի պատճառով էլ մարզերում նույնպես վարորդները հայտնվում են անելանելի վիճակում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդպիսի մարզերից է նաև Արարատի մարզը, այդ թվում՝ Նորաբաց-Դարակերտ ճանապարհը։ Այդ ճանապարհահատվածում փոսերն այնքան շատ են, որ երբեմն վարորդները չգիտեն որ փոսը փախցնեն, որ անվահեծանները չկոտրվեն, չպայթեն անիվները կամ վթարի չենթարկվեն։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ եթե Երևանում քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ սկսել են փոսալցման աշխատանքները, ապա Արարատի մարզի այս հատվածում վարորդները չգիտեն, թե երբ պատկան մարմինները կկատարեն գոնե փոսալցման աշխատանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արարատի մարզի 20-ից ավելի գյուղերի բնակիչներ պատրաստվում են առաջիկա օրերին բողոքի ակցիաներ իրականացնել՝ փակելով Արարատի մարզը Երևանին կապող բոլոր ճանապարհները՝ ասելով.

«Արդեն հոգնել ենք ավտոմեքենաները արհեստավորների մոտ տանելով։ Ինչքան կարելի է հանդուրժել էս ճանապարհների ասֆալտապատման պատասխանատուների «բեսպրիդելը»։ Եթե ժամանակին կատարեին որակյալ ասֆալտապատում, ապա ինչքան էլ աղ ու ավազ լցնեն, էս տեսակ փոսեր չէին առաջանա»։

Ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ ասում էին. «Սովետի ժամանակ էլ էր ձյուն գալիս, սովետի ժամանակ էլ էին աղ ու ավազով ճանապարհները մշակում, բայց մի փոս չէր առաջանում։ Չենք հասկանում սրանց փռած ասֆալտը փղի կղանքի՞ց է պատրաստած, մի թեթև անձրև է գալիս, առաջանում են փոսեր, ձյուն է գալիս, աղ ու ավազ են լցնում, առաջանում են փոսեր։ Ու մեզ մոտ ծիծաղ է առաջանում նաև որ 21-րդ դարում, որ համարվում է տեխնիկայով հագեցած դարաշրջան, կատարվում է նման անորակ ասֆալտապատում։ Այնպես որ իզուր աղ ու ավազի վրա շառ մի արեք, գտեք, թե որտեղ է թաղված շան գլուխը։

 Սպասելու ենք, եթե օրերի ընթացքում էս մեր ճանապարհներին գոնե ժամանակավորապես փոսալցում չանեք, դիմելու ենք ամենակտրուկ միջոցների.։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր