211652_close_icon
views-count850 դիտում article-date 14:35 11-10-2026

Աբովյան-Նոր Գյուղ 2 կմ ճանապարհը 1.5 տարի առաջ խոստացան հիմնանորոգել, բայց այն «օդ դուրս եկավ», փոխարենն ավելացան փոսերը. մի քանի գյուղերի բնակիչներ սպառնում են Նիկոլ Փաշինյանի օրինակով դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը այս տարվա մարտի 24-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով փոխանցել էր հարյուրավոր վարորդների, ինչպես նաև Աբովյան քաղաքի Նոր Գյուղ, Մայակովսկի, Արամուս և մի քանի այլ գյուղերի բնակիչների խնդրանքը, որը վերաբերում էր Աբովյան քաղաքից դեպի Նոր Գյուղ տանող մոտ 2 կիլոմետր անբարեկարգ ճանապարհին, ինչի պատճառով վարորդներն իրենց ավտոմեքենաներն էին վնասում՝ հայտնվելով փոսերում, կոտրում էին անվահեծանները, թափարգելները, պայթում էին անիվներ, իսկ մի քանի անգամ էլ եղել էին դեպքեր, երբ փոսերը փախցնելու հետևանքով ավտովթարներ էին տեղի ունեցել, ու մարդիկ խնդրել էին այդ 2 կիլոմետրանոց ճանապարհը եթե չեն հիմնանորոգում, գոնե կատարեն փոսալցման աշխատանքներ։

Քաղաքացիները նաև արդարացիորեն բարձրաձայնում էին, որ այդ ամբողջ ճանապարհին հետիոտնի համար նախատեսված մայթ որպես այդպիսին եթե նախկինում եղել էր, հիմա ընդհանրապես գոյություն չունի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հերթական անգամ ականատես եղանք, որ պատասխանատու մարմինները դեռ ամիսներ առաջ, որ խոստացել էին աշխատանքները սկսել, ճանապարհը հիմնանորոգել, այդ ամենը դատարկ խոստումներ են դուրս եկել։ Ոչ միայն փոսալցում չեն կատարել, այլև փոսերի քանակն օր օրի ավելանում է։ Ստիպված վարորդները մայթերով են ավտոմեքենաները վարում, ինչի համար մայթ այլևս չկա։

Վարորդները իրենց արդարացի զայրույթն էին ուղղում պատկան մարմիններին՝ ասելով․ «Մարդ ինչ աստիճանի չսիրի իր քաղաքացուն, որ խոստանա, թե ճանապարհը հիմնանորոգելու են, բայց ոչինչ չանի։ Հիմա եթե բռնենք, դիմենք ամենակտրուկ միջոցների, փակենք ճանապարհը  ոչ միայն Աբովյան-Նոր Գյուղ, այլ նաև Աբովյան-Երևան, հետո չասեք, թե մենք հակաիրավական քայլերի ենք դիմում։ Էդտեղ ոչ մի հակաօրինական բան չկա։ Եթե մեր խնդրանքին մեկ տարուց ավելի է ցուցաբերում եք քար անտարբերություն, ապա էլ ի՞նչ միջոցի դիմենք։ Ինչպես 2018-ին ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիաներ էր անում՝ ճանապարհներ փակելով, հիմա էլ մենք պիտի առաջնորդվենք, ինչպես նա։ Թե չէ ոչ Կոտայքի մարզպետարանից ակնկալիքներ ունեն, ոչ էլ մեզ հասած տեղեկություններով «Ճանապարհատրանսպորտային դեպարտամենտ» հիմնադրամից, ու հենց այդ հիմնադրամը դեռ մեկ տարի առաջ պետք է գործը գլուխ բերեր, բայց սայլը տեղից չի շարժվում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շարժը նշված հատվածում բավականին ակտիվ է, այդ ճանապարհով են նաև Աբովյանի քննական բաժին սկսնակ վարորդները հասնում, որտեղ հանձնում են նաև տեսական քննություն ու քննություն ընդունողները այդ փոսերի միջով են սկսնակ վարորդներին մեքենա վարել տալիս, երևի թե հարցաշարի մեջ առանձին էլ ավելացնեն, թե ինչպես թռնել փոսերի վրայով, կամ ինչպես վարել ավտոմեքենան, որ չհայտնվես փոսում։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջին ամիսներին Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքից դեպի Նոր Գյուղ և հարակից գյուղեր տանող ճանապարհահատվածը վարորդներն ավելի շատ նմանեցնում էին պատերազմական գոտու կամ ավտոպահեստամասերի գերեզմանի։ Պատճառը գրեթե ամեն օր այդ մի քանի կմ-անոց ճանապարհի տարբեր հատվածներում եղած փոսերն էին, այդ թվում՝ «մարդաբոյ», երբ ավտոմեքենաները հայտնվում էին փոսերում, կոտրվում էին անվահեծաններն ու թափարգելները, պայթում անիվները, նույնիսկ եղել էին դեպքեր, որ փոսերից փախցնելու հետևանքով ավտովթարներ էին տեղի ունեցել։

Մարտի 24-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում 100-ից ավելի վարորդներ, ինչպես նաև մեծ թվով հետիոտներ իրենց զայրույթն էին ուղղել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառացվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին՝ ասելով․ «21-րդ դար, որ պետք է ունենայինք երթևեկելի ճանապարհներ, առանց խոչընդոտների, բայց հիմա անբարեկարգ ճանապարհի պատճառով կարելի է ասել, որ քարե դարում ավելի անվտանգ կլիներ։ Ամեն օր ավտոմեքենաներ ա, որ կտրվում են։ Ամեն օր հետիոտները խաչակնքվում, նոր անցնում են էդ ճանապարհով, որ Աստված չանի փոսերից փախցնելու պատճառով վարորդները վրաերթի չենթարկեն իսկ անձրևային եղանակներին երեխաներին չենք կարողանում այդ հատվածով մանկապարտեզ ու դպրոցներ տանենք, կարող ա մի հատ ուղեղից թոփալ վարորդ Շումախերի արագությամբ այնպես անցնի, որ եթե ցեխաջրով պրծնենք՝ լավ է։ Ավտոմեքենայի գույքահարկի համար վճարումները կատարում ենք, բայց զրո որակ։ Ուզում ենք հասկանալ, վերջապես երբ է  «Ճանապարհային դեպարտամենտ»-ը արջաքնից արթնանալու ու հստակ գործ անելու, ոչ թե հենց աղմուկ ա բարձրանում բերում հող ու ավազ են լցնում, դրանով երևի փորձում են մեր «ականջներին լափշա կախեն»։

Երևի ճիշտ կլինի էդ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անունը փոխեն ու դնեն «Փոսացեխախրամատային ճանապարհային դեպարտամենտ», որ գոնե մենք էլ որ երբ կընկնենք փոսերի մեջ, երբ երեխաները ցեխոտվեն, գոնո սրտներիս հովանք լինի, որ ճիշտ անուն են դրել։ Հլը ցերեկը գոնե տեսնում ես փոսերը, կարողանում ես շրջանցել, երբեմն էլ փախցնես, բայց գիշերային ժամերին նաև արտաքին լուսավորության պակասն ենք զգում։

Հիմա ուզում ենք հավատանք, որ վերջապես էս մի քանի կմ-ոց ճանապարհը, որը մի քանի գյուղեր է կապում Աբովյանի, անգամ Երևանի հետ վերջապես որակյալ ասֆալտի երես կտեսնի ու «Թամարա» կաթնամթերքի աշխատակիցները, երբ մածունը հասցնեն սպառողներին այն թան չի դառնա, իսկ դրա պատճառը նա է, որ էս փոսերի միջով էն տեսակ են նաև «Թամարա»-ի ավտոմեքենաները անցնում, որ բարձված են կաթնամթերքներով, այդ թվում մածունով, այն դառնում է թան»։

Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր