211652_close_icon

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը ու սպառնում են դիմել էլ ավելի կտրուկ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count12523 դիտում article-date 17:43 17-06-2025
Այսօր՝ հունիսի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Մոտ 5 գյուղերի բնակիչներ որպես նախազգուշացում, ի նշան բողոքի, փակել էին Եղեգնուտ-Արմավիր ավտոճանապարհը: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը գյուղացիները փակել էին, քանի որ պատկան մարմինները՝ տվյալ դեպքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տվյալ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը և Արմավիրի մարզպետարանը 6 տարուց ավելի է՝ չեն փորձում իրենց գյուղի մարդաբոյ փոսերով ճանապարներին գոնե փոսալցման աշխատանքներ իրականացնել: 
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. 

«6 տարուց ավելի է՝ էս ճանապարհները մի իսկական փորձադաշտ են դարձել վարորդներիս համար, արդեն փոսերն անգիր գիտենք, էլ չենք ասում, որ շատ փոսեր մարդու բոյի են հասնում, մի քանի կամուրջներ արդեն ամեն պահի հնարավոր է՝ փլուզվեն: 
 
Ում ասես՝ դիմել ենք, խոստանում են, բայց այդ ամենը օդ է դուրս գալիս, ստիպված ենք այսօր դիմել այս ծայրահեղ միջոցին՝ փակելով ճանապարհը, որպեսզի մեր ձայնը հասնի անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 
 
Վստահ ենք, որ վարչապետի 1 խիստ հանձնարարականը հերիք է, որպեսզի պատասխանատուները տեղներից շարժվեն ու էդ մի քանի կմ-անոց, պատուհաս դարձած ճանապարհը կարգավորեն:
 
Էս ճանապարհով մոտ 5 հանքեր են շահագործվում, դրանք վարորդները բեռնատարներով, նույնիսկ ավել քաշ բարձած, ավիրում են ճանապարհը: Էլ չենք ասում, որ թոզ ու դուման են անում, չենք կարողանում հասնել դաշտ, ամեն պահի սպասում ենք, որ էսա բեռնատարը վրեքներովս կանցնի:

Նույնիսկ եղել են վրաերթի դեպքեր, ավտովթարներ, երբ վարորդները փոսերը փախցրել են, ինչն էլ դարձել է ավտովթարների պատճառ: 
 
Եթե ցերեկային ժամերին փոսերը տեսնում ես, ապա մութ ժամանակ չես կարողանում չհայտնվել փոսերում:
 
Եղել են նաև դեպքեր, երբ զանգահարել ենք շտապօգնություն, խեղճ «սկոռին», որ առաջ եթե 10 րոպեում էր հասնում կանչի վայր, հիմա էդ փոսերի պատճառով 1 ժամից ավելի տևում է:
 
Էլ արդեն մեր համբերության բաժակը լցվել է, չենք բացելու ճանապարհը, մինչև մեզ հստակ չպատասխանեն, թե երբ են խնդիրը լուծելու»: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտ 4 ժամ ճանապարհը մնաց փակված, մինչև որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպեցին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ավետիսյանն ու Արմավիրի բաժնի պետի տեղակալ Խումար Մկրտումյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը: 
 
Գյուղացիների հետ հանդիպման էր ժամանել նաև վարչական ղեկավարի տեղակալը: 
 
Մոտ 1 ժամ բանակցությունների արդյունքում գյուղացիները, ընդառաջելով ոստիկանության ու պարեկային ծառայության աշխատակիցներին՝ ճանապարհը բացեցին, բայց խոստացան՝ եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, ապա փակելու են ոչ միայն այս ճանապարհը, այլ նաև Էջմիածին-Մարգարա և Արմավիր գլխավոր ճանապարհները: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր