211652_close_icon

Խոշոր հրդեհ Դավիթաշենում՝ հայտնի ավտոտեխսպասարկման կետերից մեկում, «Mercedes G»-ն դարձել է չշահագործելի․ հրշեջների շնորհիվ կրակի տարածումը կանխվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4183 դիտում article-date 19:15 20-01-2026
Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 48/28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի սրահներից մեկում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ապա խմբի պետ Հովսեփյանի պահանջով՝ լրացուցիչ ժամանել է ևս 1 մարտական հաշվարկ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նշված վայրում հրդեհի հետևանքով ոչ շահագործելի է դարձել «Mercedes-G» (յաշիկ) մակնիշի ավտոմեքենան և ավտոտեխսպասարկման կախովի առաստաղը։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը։

Հրշեջների աշխատանքի շնորհիվ հրդեհը չի տարածվել դեպի սրահի մյուս հատվածներ, որտեղ գտնվել են զոդման համար նախատեսված բարձր ճնշման թթվածնային բալոններ, գազի բալոններ և յուղի տարաներ։ Ու եթե հրշեջները օպերատիվ չգործեին, ապա ամբողջ ավտոտեխսպասարկման կետը կվերածվեր մոխրի և տեղի կունենային պայթյուններ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 37-ամյա Համլետ Հ.-ին։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝  Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր