211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Ագարակ-Գյումրի մոտ 50 կմ մերկասառույց ճանապարհին. վարորդներին ուղեկցում են Շիրակի ու Արագածոտնի պարեկները, իսկ ճանշինը «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5041 դիտում article-date 14:05 19-01-2026
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Ագարակից մինչև Թալին տանող ճանապարհահատվածը ամբողջությամբ գտնվում է մերկասառույց վիճակում, ինչպես նշում են վարորդները՝ բարձիթողի վիճակ է։ Ամբողջ ճանապարհից չի հեռացվել ոչ միայն ձյունը, այլև չի կատարվել աղ ու ավազի խառնուրդով մշակում։

Վարորդները իրենց զայրույթն էին ուղղում ճանապարհն սպասարկող ընկերություններին՝ ասելով. «Ինչու պետք է 21-րդ դարում՝ տեխնիկայով հարուստ ժամանակաշրջանում, նման պատկեր լինի։ Միայն որպես աշխատող կառույցներ մենք նկատել ենք փրկարարներին ու պարեկներին։ Ոչ մի կառույց մատը մատին չի խփում էս ճանապարհներից մերկասառույցը վերացնելու համար, իսկ դրա համար շատ բան պետք չէ, տրակտորը անցնի, հետևից էլ աղ ու ավազ լցնեն, ամեն ինչ լավ կլինի»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, և աշխատանքների հսկողությունը ՆԳ նախարարի կարգադրությամբ դրվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի վրա, և այս պահին էլ լարված են աշխատում Արագածոտնի և Շիրակի մարզերի գումարտակների պարեկները։

Շիրակի մարզի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, արդեն 10-ից ավելի անգամ վարորդներին Շիրակի մարզից ուղեկցում են մինչև Արագածոտնի մարզ, դեպի Լանջիկ, որտեղից էլ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ, վարորդներին անվտանգ ուղեկցում են մինչև ժողովրդին հայտնի «Աշտարակի գայի պոստի» մոտ։ Եվ այդ ուղեկցումների շնորհիվ է, որ վարորդները անվտանգ ու ապահով հասնում են իրենց օջախներ։ 

Թեպետ 1-2 վարորդներ փորձում էին կամակորություն ցուցաբերել, թե մենք կարող ենք անցնել, սակայն պարեկներին տեսնելով՝ չգերազանցեցին սահմանված արագությունը։

Տեղում նաև ծառայություն են իրականացնում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի և Արագածոտնի մարզերի փրկարարական ջոկատների փրկարարները, այդ թվում՝ Թալինի, Անիի, Աշտարակի հրշեջ-փրկարարները, ովքեր ձնակույտերի ու մերկասառույցների միջից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ։

Բարձիթողի վիճակում է նաև Կոշ գյուղ մտնող ճանապարհը, որը նույնպես ընդհանրապես մաքրված չէ ձյան շերտից։

Այս պահին պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը և ավտոմեքենաներն ուղեկցում են Շիրակի մարզից դեպի Երևան, և Երևանից դեպի Արագածոտնի մարզ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր