211652_close_icon

Փաշինյանը բացառեց ՀՀ էլեկտրացանցերը տարածաշրջանային գծերին միացնելու ծրագրի և ՀԷՑ-ի կառավարման խնդրի փոխկապակցվածությունը

views-count949 դիտում article-date 19:45 04-12-2025
Հայաստանի էլեկտրացանցերը տարածաշրջանային հաղորդման գծերին միացնելու հարցում աջակցելու մասին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար  Մարթա Կոսի հայտարարությունը որևէ կապ չունի ՀԷՑ-ի կառավարման խնդիրների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ ԵՄ հանձնակատարի հայտարարությունը վերաբերում է մասնավորապես՝ Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման ընթացքում ռեժիմային որոշակի խնդիրները կարգավորող փոխակերպման կայան կառուցելու Եվրամիության հետ համատեղ ծրագրին։ 

Անդրադառնալով ՀԷՑ-ի կառավարման խնդրի վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը, Փաշինյանն ընդգծեց, որ համապատասխան տարբերակներն արդեն ներկայացվել են։
«Տարբերակ առաջին՝ դա դառնում է ամբողջությամբ պետական սեփականություն և հանձնվում է հավատարմագրված կառավարման, իսկ երկրորդ տարբերակը՝ մասնավորեցվում է ոլորտի կառավարման միջազգային հեղինակավոր  փորձ ունեցող ընկերության»,-նշեց վարչապետը՝ ցանկալի համարելով առաջին տարբերակը, որի  դեպքում համապատասխան վճարումներ պետք է արվեն։

Փաշինյանն այս տարբերակով խնդրի լուծումը  պայմանավորեց ՀԷՑ-ի համար օբյեկտիվ գնի որոշմամբ։

«Եթե այդ գինը տանելի կլինի պետական բյուջեի համար, ես կնախընտրեմ, որ դա լինի 100 տոկոսով պետական սեփականություն և հանձնվի պրոֆեսիոնալ ընկերության հավատարմագրված կառավարման։ Եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել, կգնանք երկրորդ տարբերակով»,-ընդհանրացրեց նա։
 

Նմանատիպ նյութեր