211652_close_icon

Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են «Հավերժություն» սգո սրահի ապակիները կոտրած և այնտեղից գողության փորձ կատարող հնդիկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7132 դիտում article-date 23:17 04-11-2025
SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 3-ին տեղեկություն էր հրապարակել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում սգո սրահներից մեկում կատարված արտակարգ դեպքի մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ոչ միայն պարզել են դեպքի հանգամանքները, այլև հայտնաբերել են կասկածյալներին։

Շենգավիթի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Բագրատունյաց պողոտա 44/2 հասցեում գործող «ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈւՆ ԷՅ-ԷՄ» ՍՊԸ-ին պատկանող սգո սրահից գողության փորձ են կատարել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Բուփաթի Ռաջենդրանն ու 29-ամյա Սիվագանեշ Ռաջենդրանը։

Վերջիններիս Շենգավիթի ոստիկանները հայտնաբերում են Ջանիբեկյան փողոցում և գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրանց ձերբակալում և տեղափում են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ձերբակալության պահին նրանք եղել են Ս. Ռաջենդրանի կողմից շահագործվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայով։

Արդեն ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստերի ճնշման տակ Բ. Ռաջենդրանը խոստովանում է, որ գողության փորձը իրենք կատարել են հոկտեմբերի 27-ին և տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են սգո սրահի ապակիները գողություն անելու նպատակով, սակայն ոչինչ չգողանալով դուրս են եկել այնտեղից և նշված «Nissan»-ով հեռացել։

Նշված անձինք ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 28-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ կոտրել են Բագրատունյաց պողոտայի 44/2 հասցեում գտնվող սգո սրահի ապակիները։

Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Երևանի բնակիչ 68-ամյա Հասմիկ Ղ․-ն Շենգավիթի համայնքային ոստիկաններին հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 21։20-ից մինչև 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր նշված հասցեում գտնվող սգո սրահի ապակիները, մուտք գործել ներս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել՝ այդ կերպ պատճառելով մոտ 500 հազար դրամի գույքային վնաս։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ՝ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր