211652_close_icon

Ծափաթաղ գյուղի 3-ամյա կորած տղայի որոնողական աշխատանքները շարունակվում են, այդ թվում՝ Սևանա լճում և դրան հարակից անտառային գոտիներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count83705 դիտում article-date 16:19 30-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համայնքային ու քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ծառայողների, կամավորների և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և Սևանի քննչական բաժնի քննիչների, Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ և հարակից գյուղերի բնակիչները կամավորների հետ շարունակում են 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտից վերսկսվել են որոնողական աշխատանքները և փրկարարները, այդ թվում՝ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները, փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգները որոնողական աշխատանքները շարունակում են Ծափաթաղ գյուղի դիմաց՝ Սևանա լճի հարակից մի քանի կմ-անոց հատվածներում: 

Այս պահին դեռևս դրական ոչ մի արդյունք չկա երեխայի հայտնաբերման ուղղությամբ: 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում առավոտյան ժամը 06:00-ից վերսկսվել էին նույն գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։

Գյուղ էր ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, իսկ որոնողական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր հրշեջ-փրկարարներ Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու ջոկատներից, Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության փրկարարներ, Ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի քաղաքապետարաններից ժամանած մեծ թվով աշխատակիցներ՝ քաղաքապետերի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի բաժինների համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետերի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ ՊԾ պետի տեղակալ Էդգար Սուսլիյանի, գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։ 

Ողջ գիշեր դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացրել նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանց ընդմիջման ողջ գիշեր և մինչև այս պահը աշխատում են նաև ոստիկանության և փրկարար ծառայության կինոլոգներ, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի բազմաթիվ ծառայողներ։

Մինչ այս պահը երեխայի հայտնաբերման ուղղությամբ դրական տեղեկություն չունենք, որոնողական աշխատանքները շարունակվում են։

Փրկարարները բաժանված էին մի քանի խմբերի, որոնք առանձին-առանձին ղեկավարում են ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը,Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգյանը։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր