211652_close_icon

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են. ժամանել են ՆԳ նախարարի տեղակալ, ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count9583 դիտում article-date 13:39 28-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում առավոտյաննիամը 06:00-ից վերսկսվել են նույն գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, իսկ որոնողական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր հրշեջ-փրկարարներ Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու ջոկատներից, Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության փրկարարներ, Ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի քաղաքապետարաններից ժամանած մեծ թվով աշխատակիցներ՝ քաղաքապետերի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի բաժինների համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետերի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ ՊԾ պետի տեղակալ Էդգար Սուսլիյանի, գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։ 

Ողջ գիշեր դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացրել նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանց ընդմիջման ողջ գիշեր և մինչև այս պահը աշխատում են նաև ոստիկանության և փրկարար ծառայության կինոլոգներ, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի բազմաթիվ ծառայողներ։

Մինչ այս պահը երեխայի հայտնաբերման ուղղությամբ դրական տեղեկություն չունենք, որոնողական աշխատանքները շարունակվում են։

Փրկարարները բաժանված են մի քանի խմբերի, որոնք առանձին-առանձին ղեկավարում են ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը,Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգյանը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում 3 տարեկան երեխա է կորել։

Գյուղ էին ժամանել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեծ թվով փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 30-ից ավել պարեկներ՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Շահբազյանի գլխավորությամբ։

Երեխայի որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մեծ թվով ծառայողներ, ովքեր անգամ ոտքով 1-1,5 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են կատարում անտառներում և ձորերում: 

5 ժամից ավելի փրկարարները, պարեկները, համայնքային ու քրեական ոստիկանները, կարելի է ասել ողջ գյուղը Ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարում, որպեսզի հայտնաբերեն 3-ամյա տղային։ Նա մի քանի ժամ առաջ է կորել ու ծնողները, երբ տեսել են, որ երեխան տանն ու տան հարակից տարածքում չէ, ահազանգել են 911:

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով Ծափաթաղ էին ժամանել ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը և 20-ից ավել հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ։

Որոնողական աշխատանքներում ներգրավված էին նաև Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանն իր աշխատակազմով և Ծափաթաղի գյուղապետարանի ողջ անձնակազմը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում էին նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ որոնվող երեխան 3-ամյա Տիգրան Օ.-ն է, իսկ ծնողները նրան փնտրում են ժամը 15:30-ից սկսած։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր