211652_close_icon

Համացանցում տարածված տեղեկությունները, թե Ջերմուկում վանդալիզմի են ենթարկել Հայաստանի և Արցախի հերոս, մեծն սպարապետ, լեգենդար Վազգեն Սարգսյանի արձանը, սուտ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2707 դիտում article-date 11:40 09-10-2025
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի օգտատերեր տեղեկություններ էին տարածել, որ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում, վնասել են Հայաստանի և Արցախի ազգային հերոս, մեծն սպարապետ, լեգենդար Վազգեն Սարգսյանի արձանը, որը տեղադրվել էր վերջերս՝ Ջերմուկի զբոսայգում:

Տեղեկություններում նշել էին, թե վանդալիզմի են ենթարկել արձանը, վնասել ոտքի, թիկունքի և գլխի հատվածը:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, սակայն այդ լուրերը տարածողներով պետք է զբաղվեն իրավապահները,  որպեսզի պարզվի, թե ովքեր են և ինչո՞ւ են նման ստահոդ լուրեր տարածում:

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում, Ջերմուկ այցելողները ծաղիկներ կխոնարհեն Հայաստանի Հանրապետության և Արցախի ազգային հերոս, լեգենդար սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին։

Հուշարձանն ամբողջությամբ ներկայացնում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում տարիներ առաջ տեղադրված սպարապետի արձանը։

Տևական ժամանակ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի և Հայաստանի և Արցախի ազգայի հերոս, Սպարապետ, լեգենդար Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի, որդու՝ Կառլեն Սարգսյանի նախաձեռնությամբ ավարտին էր հասցվել սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի կերտումը։ Արձանն ամբողջովին նման էր 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում թողնված Սպարապետի արձանին։ Եվ քանդակի հեղինակը սիրված ու ճանաչված քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։ 

Արձանի կառուցման գաղափարը քննարկել էին Վահագնն ու Կառլենը, որից հետո իրենց գաղափարի մասին հայտնել իրենց ծնողներին (Արմեն Սարգսյանը ու Աշոտ Արսենյանը քավոր-սանիկներ են), ու նրանք խրախուսել էին իրենց որդիների նախաձեռնությունը։ 

Հայտնի էր, որ արձանը տեղադրվելու է Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի ամենագողտրիկ անկյուններից մեկում։ Եվ այդ ուղղությամբ Ջերմուկի քաղաքապետի գլխավորությամբ արդեն աշխատանքներ էին կատարվում։  Մնում էր ճշտել, թե երբ է տեղի ունենալու Սպարապետի արձանի բացումը։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր