211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Ford Fuison»-ով վթարի են եթարկվել հարսանիք մեկնող ընտանիքի անդամները. 6 հոգի, որից 4-ը անչափահաս աղջիկներ են, տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count12175 դիտում article-date 12:53 27-06-2025
Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում «Ford Fuison» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 56.5 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարերին և գլխիվայր շրջվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 4-ը՝ անչափահասներ են, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս է բերել վթարի վայրով անցնող մի քաղաքացի, ով Շիրակի մարզի բնակիչ է, և տեղում օգնություն է ցուցաբերել, ապա իր անձնական «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է «Թալին» բժշկական կենտրոն:  

Եվս 2 հոգու քաղաքացիներն են իրենց անձնական մեքենաներով տեղափոխել հիվանդանոց: 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայրում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: 

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորնեի ինքնությունը: 

ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներն ընտանիքի անդամներ են, ովքեր մեկնում էին Արագածոտնի մարզի գյուղերից մեկը՝ մասնակցելու հարսանեկան արարողության: 

Երեխաները, որոնք բոլորը աղջիկներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր