211652_close_icon
views-count136990 դիտում article-date 10:10 16-02-2025

Անօգնական ու վիրավոր ձիու տերը, ով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, վերադարձել ու օդանավակայանից անմիջապես եկել է ձիու մոտ․ շնորհակալություն նաև սրտացավ քաղաքացիներին ու պարեկներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ փետրվարի 15-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում, Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում գտնվող վիրավոր ու անօգնական ձիու վերաբերյալ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ձիուն օգնության հասան բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը, «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանը և որ ամենակարևորն է՝ ձիու տերը։ Նա ևս տեղեկացել էր SHAMSHYAN.com-ից, ով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում և երեկ արդեն վերադարձել է Հայաստան և անմիջապես օդանավակայանից եկել էր ձիու գտնվելու վայրը ու արդեն Մ․ Մանուկյանի և մի քանի քաղաքացիների օգնությամբ նա ձիուն տեղափոխեց նախկին կացարան, որը Զովունիում էր։ Պարզվել է նաև, որ փետրվարի 11-ին, ձիուն հարվածել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա, որի վերաբերյալ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Հրապարակումից կարճ ժամանակ անց նաև բազմաթիվ քաղաքացիներ նամակներ են գրել SHAMSHYAN.com-ին և ցանկություն հայտնել, որ ձիուն տան իրենց և իրենք հոգան առողջական խնդիրները և ստանձնեն հետագա խնամքը։

SHAMSHYAN.com-ը շնորհակալություն է հայտնում Ն․ Կիրակոսյանին, Մ․ Մանուկյանին, ձիու տիրոջը՝ Արամ Խաչատրյանին, հարյուրավոր այն քաղաքացիներին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանին, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանին, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանին, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանին, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանին, 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանին և բոլոր այն պարեկներին, ովքեր հավատարիմ մարդ լինելու կոչմանը 3 օր շարունակ խնամում էին ձիուն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն 4 օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ խնամում էին վթարի հետևանքով աջ ոտքի մասում բաց կոտրվածք ստացած վիրավոր ձիուն։

Պարեկները ֆերմաներից խոտ էին գնում, կերակրում էին ձիուն, քանի որ այն գտնվում էր անօգնական վիճակում, չէր կարողանում անգամ տեղաշարժվել։

Արդեն մի քանի օր էր՝ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները չէին կարողանում գտնել ձիու սեփականատիրոջը, որպեսզի հասկանային, թե ինչ պետք է արվի։ Բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը դեպքի մասին տեղեկացրել էր «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանին, ով ժամանել էր և իրավիճակին տեղում ծանոթացել։ Ձին երեք տարեկան է և արու է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր