211652_close_icon
views-count13166 դիտում article-date 10:26 29-01-2024

Իբր կենդանասեր են, երեխա են անիծում՝ առանց իմանալու, թե ինչ է եղել իրականում, մարդ պիտի սկզբում մարդասեր լինի. Իսակովի պողոտայում վթարի ենթարկված ձիու տերը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես շատ ձիեր ու կենդանիներ ունեմ, 5 հատ շուն եմ պահում, եւս 10 «փողոցային շուն» եմ խնամում, ոչխարներ, էշեր, տարբեր թռչուններ եմ պահում։ Կենդանիներին միշտ Ապարանում եմ պահել՝ Արայի լեռան մոտ, ձմռանը, մի քանիսի հետ, այս ձիերին էլ բերել էի Դալմայի այգիներ, որ պաշտպանված լինեն, փոքր էին, գայլերը հարձակվում էին։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց մի քանի օր առաջ Իսակովի պողոտայում վթարված ձիերի տերը՝ Դավիթ Կասոյանը։

Նրա փոխանցմամբ՝ դեպքից 3 օր առաջ Ապարան էր գնացել։ «Էնտեղ ձյունը եկել էր, գնացել էի էնտեղի կենդանիներիս մոտ, բայց քուռակներին էնպիսի պարանով էի կապել, որ անհնար է, որ իրենք իրենց կարողանային արձակել։ Ես և ագրեսիվ շուն ունեմ, և խելոք, ագրեսիվ շանն էնպես եմ կապում, որ ինչքան էլ փորձի հարձակվել, մեկ է չի արձակվի։ Հաստ պարաններ են, դրանցով անգամ մեքենաներ են քաշում, էդ պարանը կտրած է, բայց հնարավոր չի, որ ձին կարողանար կտրել, վզին կապած տեղից 1,5 մետրից է կտրած։ Այդ քուռակներն, ընդհանրապես, մարդու սովոր չեն։ Թե ո՞վ է կտրել պարանը, հետո բաց թողել՝ չգիտեմ, կամ էլ փորձել են գողանալ, բայց ձեռքներից փախչել է, չգիտեմ ինչպես է եղել, բայց ձին չէր կարող ինքը կտրել։ Ամբողջ կյանքս կենդանիների մեջ եմ, երբեք իմ կապածը չի արձակվել։ Ոչ մեկ տեղյակ չի եղել, որ արձակվել են ձիերը»,- սրտնեղած ասել է Դավիթը։

Նրա փոխանցմամբ՝ կատարվածի մասին տեղեկացել է հեռախոսազանգի միջոցով, իսկ երբ հասել է՝ չի կարողացել մոտենալ վիրավոր ձիուն։

«Հեռվից տեսա, որ արնաքամ է լինում։ Խիղճս չի տարել մոտենամ, չկարողացա, ասել եմ, որ իրավապահներն անեն, ինչ կարող են։ Ինձ համոզում էին, որ մոտենամ, բայց չկարողացա, իմ պահած քուռակն է։ Ինձ համար էնպիսի կորուստ էր, կարծես տան անդամին կորցրած լինեի»,- նշեց Դավիթն՝ ավելացնելով, որ ձիուն տեղափոխելուց հետ իրեն զանգել, հարցրել են, թե ինչ անեն՝ մորթեն, թե քնացնեն, ինչին էլ պատասխանեցի, որ չեմ ուզում իմանալ՝ ինչ են անելու։

«Ձիուն իմ տարածք չեն բերել, առավոտյան ասացին, որ սատկել է, տարել տվել են կենդանիներին։ Ես չեմ արել, չգիտեմ՝ ով է, ես էի կարող անգամ մոտենալ»,- վստահեցրել է նա։

Կասոյանին վրդովվեցրել էր այն, որ համացանցում կենդանասերների խմբերում սկսել են տարածել իր ու իր երեխաների լուսանկարները։ «Անեծքների ու հայհոյանքներ տարափ է։ Առավոտից երեկո տանջվում ենք էդ կենդանիների պահելու համար, բայց դրանից ոչ մի օգուտ էլ չունեք, ես ձիերին ու շներին չեմ վաճառում, ոչխարներին եմ վաճառում, բայց ոչ՝ ձիերին։ Ուղղակի սիրում ենք, դրա համար էլ պահում ենք։ Սատկած ձիու անունը Կուկու էր, ես իր տատին էլ եմ պահել, ուզելո՞ւմ էի։ որ նման բան լիներ։ Հիմա երեխաներիս են անիծում, ոչինչից տեղյակ չեն, չգիտեն՝ ինչ է եղել, ինչպես, իբր, կենդանասեր են, երեխաների են անիծում, էն դեպքում, երբ էդ երեխաների համար էլ է էս քուռակի կորուսը ցավ։ Իմ կորուստը, իմ ցավը քիչ է, հիմա էլ ուզում են ինձ խայտառակել։ Մարդ պիտի սկզբում մարդասեր լինի։ Թող գան իմ ֆերման՝ տեսնեն, ոնց ենք ես ու երեխաներս խնամում էդ կենդանիներին, կհասկանան՝ կենդանասերը որն է»,- եզրափակեց Դավիթը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Մի քանի ժամից ավելի՝ Իսակովի պողոտայում «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահի դիմաց ձին և քուռակը անօգնական վիճակում էին հայտնվել:

Քուռակի հետևի 2 ոտքերը կոտրված էին, հավանաբար ավտոմեքենա էր հարվածել ու հեռացել:

Ձիուն և քուռակին առաջինը օգնության էին հասել դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել էին անվտանգ վայր, սակայն քուռակը գտնվում էր շատ վատ վիճակում:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր