211652_close_icon
views-count6907 դիտում article-date 18:47 19-01-2025

Ավտովթար՝ Երևանում. անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում Արցախի պողոտա 44 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 14-ամյա Կարեն Մ.-ի վարած «Mercedes E300» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդն ու նրա անչափահաս ուղևորը տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Գետիկյանն ու Ռուզաննա Մուսայելյանը։

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվ է գործել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են անչափահասի կողմից վարած «Mercedes»-ի սեփականատիրոջ և մյուս վիրավորի ինքնությունը ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր