211652_close_icon
views-count4236 դիտում article-date 09:30 17-01-2025

Դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Կիևյանցի կրիստալ Յուրայի» նկատմամբ, ում մոտ հայտնաբերվել են լիցքավորված «Մակարով» ատրճանակ, «կրիստալ» և այլ տեսակի թմրամիջոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հունվարի 16-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ 49-ամյա Յուրի Ու.-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը բավարարեց է քննիչի միջնորդությունը և Յուրի Ու.-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեռ մեկ օր առաջ մեկ այլ քրեական գործի շրջանակում Արաբկիրի քննիչը դիմել էր դատարան, սակայն դատարանը Յուրի Ու.-ին ազատ էր արձակել, որից հետո, ինչպես ժողովուրդն է ասում, դեռ թանաքը չորացած՝ իրավապահները նրա մոտ դարձյալ կասկածելի թմրամիջոց էին հայտնաբերել, ինչից հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և դատարանը բավարարել է միջնորդությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Ու․-ն իր մոտ պահում է թմրամիջոց, զենք և այլ կասկածելի իրեր։

Տեղում Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել էին, թե որտեղ է գտնվում նա ու Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում ապօրինի զենք, զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել էին նրան ու տեղափոխել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել էր «մակարով» տեսակի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 5 փամփուշտով։

Հայտնաբերվել էին մի քանի հատ պոլիէթիլենային զիպ փականով փաթեթներ, որոնցում առկա էր եղել «կրիստալ» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։

Հայտնաբերվել էր նաև այլ տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված՝ ընդհանուր 12․17 գրամ քաշով։ 

Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր էին կազմվել, որոնք Յուրի Ու․-ի հետ ներկայացվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Յուրի Ու․-ն իր շրջապատում հայտնի է «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված և այսօր՝ հունվարի 14-ին, նրան ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխեցին Արաբկիրի քննչական բաժին։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր