211652_close_icon
views-count55359 դիտում article-date 18:51 27-07-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են «Audi»-ն ու «Seat»-ը. «Audi»-ն բախվել է ծառին, «Seat»-ը՝ էլեկտրասյանը. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններւոմ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գործող «CPS» բենզալցակայանի դիմաց բախվել են «Audi» և «Seat» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջակոտի փրկարարները:

Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական ավտոմեքենայով՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի ուղեկցությամբ:

Բախման հետևանքով «Seat»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը՝ կոտրելով լեդ լույսը, իսկ «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում կատարել «Seat»-ի հովացման աշխատատնքներ և իրակացնում են հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, և վաշտի հրամանատարի տեղակալ Հակոբ Պարոնյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սևակ Միրզախանյանն ու Գևորգ Մանուկյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղի ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավոտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը երեխաներ են: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր