211652_close_icon
views-count116750 դիտում article-date 17:11 21-06-2024

Ողբերգшկան ավտովթար՝ Լոռու մարզում. «Volkswagen»-ը բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց, մյուս երեխան մшհացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհյատ հանգամանքներում, բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, որը մոտ 10 տարեկան տղա է, տեղում մահացել է, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը, Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանն ու դատախազի տեղակալ Զորի Բալայանը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկները:

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Արթուր Մնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սպիտակի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը վարորդի երեխաներն են:

21։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Սպիտակի բաժնի, ՊԾ Լոռու մարզի գումարտակի և Սպիտակի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 34-ամյա Գոհար Մ․-ն, վթարի հետևանքով նրա 10-ամյա տղան՝ Պողոս Ս․-ն տեղում մահացել է, իսկ Գոհար Մ․-ն և նրա 7-ամյա դուստրը տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և ռեանիմոբիլով տեղափոխել Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր