211652_close_icon
views-count32374 դիտում article-date 13:20 17-05-2024

Էրեբունու մեծն թաղապետ Հակոբ Բալայանը շատ բան ունի սովորելու նախկին թաղապետերից, որպեսզի ըմբռնի Տիգրան Ավինյանի հանձնարարականները ու իր բնակիչներին չթողնի բախտի քմահաճույքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս Երևանի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, որ միշտ շփվեն իրենց վարչական շրջանի բնակիչների հետ, կապը երբեք չխզեն, անգամ օրվա ցանկացած ժամին ու եղանակին:

Եթե Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, վերջերս նաև Նոր Նորք վարչական շրջանների ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը կարելի է ասել առաջնորդվում են այդ սկզբունքով, ապա մնացած վարչական շրջանների ղեկավարների մեջ որպես՝ ժողովրդի լեզվով ասած՝ «անգյալ» թաղապետ, առաջին հորիզոնականի պատվավոր տեղը իր համար «բրոնյա» է արել էրեբունու մեծն թաղապետ Հակոբ Բալայանը:

Էրեբունու ներկայիս թաղապետը շատ բան ունի սովորելու, որպեսզի ի վերջո ըմբռնի Տ. Ավինյանի հանձնարարականը:

Էրեբունու ոչ մի թաղապետ նման քար անտարբերություն չի ցուցաբերել իր բնակիչների նկատմամբ, ինչպիսին որ ցուցաբերում է ներկայիս թաղապետը, ով իր աշխատասենյակից այն կողմ ոչիչ չի փորձում տեսնել:

Նրան չի հուզում իր բնակիչների խնդիրները, իսկ եթե 1-2 բան ձեռնարկել է, ապա միայն ընտրություններից առաջ, իսկ հետո բնակիչների համար դառնում է անհասանելի:

Աշխատանքային ժամն էլ եթե ավարտվում է, նրան չի հետաքրքրում վարչական շրջանի բնակիչներին լսելու, նրանց խնդիրները որոշ չափով լուծելու աշխատանքները:

Երեկ՝ մայսի 16-ին, մեծն թաղապետը, հետո նրան իր թևի տակ առած, իբրև մամուլի խոսնակ հանդես եկող Արթուր Օսիպյանը մատների վրա խաղացրեցին արտակարգ իրավիճակում հայտնված Սարի թաղի բնակիչներին:

Մամուլի խոսնակը իր հիմնական գործը թողած՝ կուրծքը ծեծելով պաշտպանում էր թաղապետին, կարծես թե մենք նրա ղեկավարին «աքսորում էինք» Արգիշտի թագավորի մոտ:

Պատճառաբանում էր, թե Սարի թաղի այդ բնակիչների խնդիրը թաղապետի «պոզիցիայի» մեջ չի մտնում, սեփական սեկտոր է,  բնակիչը ինքը պետք է իր հարցերը լուծի, մինչդեռ էրեբունու մի քանի թաղապետերի ժամանակ եթե նման խնդիրներ էր առաջանում, օրվա ցանկացած ժամին ու եղանակին նրանք կանգնած էին բնակչի կողքին ու ինչով հնարավոր էր՝ օգնում էին:

Երեկ՝ ուժեղ քամու և հորդառատ անձրևի պատճառով Սարի թաղի 16-րդ փողոցի թիվ 24 տան տանիքը քամուց պոկվել է, իսկ մի մասը կախվել է ու առկա է ընկնելու վտանգ:

Բնակիչների ահազանգերին օպերատիվ արձագանել էր ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից և հրշեջ-փրկարարական ջոկատից, ովքեր եկել էին դեպքի վայր:

Իսկ թաղապետի մամուլի խոսնակը մեր մի քանի համառ զանգերից հետո միայն բարեհաճեց իբրև թե թաղապետին խնդրել, աղերսել, որ մի բան անի, ու  իբրև թե թաղապետի հանձնարարականով՝ «BMW X6»-ով 2 երիտասարդներ ժամանեցին դեպքի վայր, նկարեցին տանիքը, և խոստացան, որ հարցը կլուծեն, բայց այդ ամենը օդ դուրս եկավ:

Իսկ նրանք պետք է տեխնիկայով օգնեին բնակիչներին, իսկ մնացած աշխատանքները փրկարարները պատրաստակումություն էին հայտնել անել:

Մինչև այս պահը Էրեբունու մեծն թաղապետը, որ ավելի շատ նման դեպքերում կարելի է ասել ջայլամի կեցվածք է ընդունում, երեկ ապացուցեց, որ ինքը արհամարհած ունի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականները:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր