211652_close_icon
views-count1018 դիտում article-date 10:04 31-01-2024

Պակիստանի նախկին վարչապետը և նրա կինը դատապարտվել են 14 տարվա ազատազրկման

Պակիստանի դատարանը երկրի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության առաջնորդ Իմրան Խանին և նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին, դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի և օտարերկրյա պետական նվերների ապօրինի վաճառքի գործով։ Այս մասին հայտնում է Dawn թերթը։

Ավելի վաղ Խանը և նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին հատուկ դատարանի կողմից դատապարտվել էին 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով, հայտնում է aljazeera.com-ը։

Խանը ղեկավարել է Պակիստանի կաբինետը 2018-ից 2022 թվականներին։ Կառավարության նախկին ղեկավարը պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին՝ նրան անվստահություն հայտնելու քվեի արդյունքում։

Խանի նկատմամբ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա 2022 թվականի մարտի 27-ին հրապարակայնորեն հայտարարել է, որ գաղտնագրված հեռագիր է ստացել Վաշինգտոնում Պակիստանի դեսպանից, որում, ըստ քաղաքական գործչի, նշվում էր, որ ԱՄՆ ներկայացուցիչները դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ զրույցում «խորհուրդ են տվել վարչապետին հեռացնել իշխանություններից՝ Ուկրաինայի հարցում նրա ռուսամետ դիրքորոշման պատճառով, որը դրսևորվել է 2022 թվականի փետրվարին Մոսկվա կատարած այցի ժամանակ»։

Նմանատիպ նյութեր