211652_close_icon
views-count76811 դիտում article-date 19:46 20-01-2024

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են Mercedes Vito-ն ու Opel-ը․ կա 14 վիրավոր․ այդ թվում երեխաներ, 4-ին հիվանդանոց է տեղափոխել Պարեկային ծառայության դասակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Թալինի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Mercedes Vito և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 14 հոգի, որոնցից 4-ին Թալինի հիվանդանոց են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հարություն Պողոսյանը, մի քանիսին էլ նույն վաշտի պարեկներն ու Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Արամ Սարգսյանը, Նիկոլայ Նահապետյանը և կրտսեր պարեկներ Ֆրունզե Սիմոնյանն ու Ստեփան Անտանոսյանը, որպեեզի հետքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն  ու տեղում հերթապահություն են իրականացնում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes Vito-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, որոնցից մեկը մոտ 3 մետր շպրտվել է։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Պարեկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից բժշկական պարագաներ են օգտագործել, իսկ բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորների մեջ կան երեխաներ, իսկ 2 վիրավորներ Թալինի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին Երևանի հիվանդանոցներ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր