211652_close_icon
views-count35197 դիտում article-date 19:42 13-01-2024

Ալավերդիում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հիմնական կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն․ նա ասել է, որ կրակոցների ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը ներկա չի եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 12-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Ալեքսանդր Մելիքյանի գտնվելու վայրը, ապա նրա ազգականների ու մտերիմների հետ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Ա․ Մելիքյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա հունվարի 11-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քր․ օր․-ի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նրան ոստիկանության Թումանյանի բաժնից ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա որպես կասկածյալ անցնում է դեկտեմբերի 29-ին Ալավերդիում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների գործով, որի ժամանակ նա իր մոտ եղած հրազենով մի քանի անգամ կրակոցներ է արձակել ենթադրյալ թիրախի՝ Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Շահվերդյանի ուղղությամբ և նշված վայրում կանգնած անձանց ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հերքել է նաև, որ կրակոցների ժամանակ նշված վայրում է եղել Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 29-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ալավերդի քաղաքում կրակոցներ են հնչել: 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը, և Թումանյանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նահապետյանը: 

Պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: 

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել էին դեպքի վայրը, ապա՝ որոշ հանգամանքներ: 

Ստացված օպերատիվ տվյալներով՝ ժամը 16:30-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության նպատակով պարզաբանումներ ստանալու համար Ալավերդի քաղաքի երկաթգծի կայարանի թաղամասում գտնվող և Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Շահվերդյանին պատկանող ավտոլվացման կետի մոտ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալեքսանդր Մելիքյանը իր մոտ գտնվող հրազենով մի քանի անգամ կրակոցներ էր արձակել Զ. Շահվերդյանի և նշված վայրում վերջինիս հետ կանգնած անձանց ուղղությամբ: 

Ահազանգով դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Արման Գալստյանի, Դավիթ Ղազախեցյանի, Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրա Բաղդասարյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-դ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի ու դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները, բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ՈԼՄՎ փորձաքրեագիտական բաժանմունքի ՀԿՀ ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանն ու փորձագետ Վահրամ Պողոսյանը։

Դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ: 

Դեպքի փաստով խուլիգանություն և սպանության փորձի հատկանիշներով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: 

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր