211652_close_icon
views-count25385 դիտում article-date 19:55 25-08-2023

Արտակարգ իրավիճակ Նորագավիթում. կոյուղատարերի դիտահորերի խցանման պատճառով կեղտաջրերը ողողել են մի քանի տներ ու հողամասեր. Շենգավիթի թաղապետն ու «Վեոլիա ջուր»-ը  այսօր օպերատիվորեն արձագանքեցին բնակիչների ահազանգերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի (ով ի դեպ գտնվում է արձակուրդում), թաղապետարանի կոմունալ բաժնի պետի և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների օպերատիվ աշխատանքն իր դրական արդյունքը տվեց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 10 օր է Նորոգավիթ 2 փողոցի մի քանի նրբանցքներում կեղտաջրերի համար նախատեսված դիտահորերի խցանման պատճառով այդ հատվածում տիրում է գարշահոտություն:

Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին. «10 օր է զանգահարում ենք քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր» ու 10 օր է ստանում ենք նույն պատասխանը՝ «ձեր կանչը գրացնված է, մասնագետները կմոտենան», սակայն այդ մասնագետները կարծես Թումանյանի հայտնի հեքիաթի «Կիկոսի որդին» լինեն, էն որ ընտանիքի անդամներով գնում են Կիկոսի հետևից ու տուն չեն վերադառնում, լրիվ էդ վիճակն ա  մեր թաղամասում: «Վեոլիա ջուր»-ը ասում է, որ մասնագետները անհրաժեշտ տեխնիկայով մոտենում են ու 10 օր է մենք սպասում ենք: 

Կեղտաջրերը արդեն լցվում են տան բակեր ու հողամասեր ու ոչ միայն փչացնում են բուսականությունը, այլև տարածքում տիրում է գարշահոտություն, որ մի քանի 100 մետրից չես կարողանում մոտենալ: Վճարումներն էլ կանոնավոր կատարում ենք: Չկա մի տուն, որ «Վեոլիա ջրին» պարտք ունենա, բայց այդքանով հանդերձ մենք ունենք «Վեոլիա ջրի» հետ խնդիրներ: Չեն փորձում գոնե ժամանակավորապես դիտահորերը մաքրեն: Թեպետ գիտենք, որ մի քանի ամիս հետո նորից լցվելու է. ճիշտը կապիտալ վերանորոգումն է, իսկ դրա համար սրտացավ մոտեցում պետք է ցուցաբարեն Երևանի քաղաքապետրանն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը: Նույնիսկ եղել է ժամանակ, որ մենք չենք էլ անհանգստացրել «Վեոլիա ջրին», մեր ուժերով բերել են հատուկ փչող տեխնիկաներով մաքրել ենք տվել ամբողջ դիտահորերը:

Այսօր իրավիճակի մասին տեղեկանալով՝ Շենգավիթի թաղապետ Ռ. Մկրտչյանն  ու «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները ոչ միայն օպերատիվ արձագանքեցին ու ժամանեցին դեպքի վայր, այլ նաև հրատապ խնդիրը լուծեցին: Հատուկ տեխնիկայով դիտահորերը մաքրեցին, վերջում էլ կատարեցին անհրաժեշտ լվացման աշխատանքներ և խնդիրը գոնե մի քանի ամիս համարվեց լուծված: Բայց անհրաժեշտ է, որպեսզի խնդիրը հիմնական վերացնելու ուղղությամբ կատարվեն նոր դիտահորերի ջրահեռացման ավելի որակյալ խողովակների տեղադրման աշխատանքներ: 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր