211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Պռոշյան համայնքում․ երեկվանից խմելու ջրի խողովակը վնասվել, ողողել է փողոցները, լցվել սեփական տներ ու շենքերի նկուղներ, իսկ «Վեոլիա ջուր»-ը բնակիչների ահազանգերին միայն պատասխանում է՝ «խնդրին տեղյակ ենք»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1543 դիտում article-date 12:35 21-12-2025
 Երեկ՝ դեկտեմբերի 21-ից, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։  Ըստ Նաիրի խոշորացված համայնքի Պռոշյան բնակավայրի բնակիչների, ժամը 15։00-ից Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից տեղադրված խմելու ջրի խողովակի վնասման պատճառով տոննաներով խմելու ջուրը դուրս է գալիս, հոսում փողոցներով մեկ՝ լցվելով տներ, շենքերի նկուղներ ու ավտոտնակներ։ 

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Երեկվանից խմելու ջրի խողովակի վնասման պատճառով տոննաներով էս մաքուր ջուրը կորում է, երեկվանից մեռանք զանգելով «Վեոլիա ջուր», միայն պատասխանում են, թե խնդրից տեղյակ են, ոչ մի միջոց չեն ձեռնարկում, ջուրը Ապարանի զուլալ ջրերից ա, ու պատկերացնո՞ւմ եք տոննաներով ջուրը գնա, կորի, իսկ պատասխանատուները ուղտի ականջում քնած մնան, զանգահարել ենք 9-11, Երեւանի թիվ 7-րդ ջոկատի փրկարարներն են եկել, բայց դե իրենք ինչ կարող էին անել, ողջ գիշեր մեզ հետ են եղել Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, Պռոշյան վարչականի ղեկավար Սեւակ Գաբրիելյանը, այսօր առավոտից էլ գյուղի ահել ու ջահել փորձում են խնդիրը լուծել, բայց դա այդքան էլ հեշտ չէ։ Հիմա հետաքրքիր է՝ էս տոննաներով կորած ջրի վարձավճարները ումի՞ց են հանելու, հաստատ «Վեոլիա ջուր»-ը սպառողի քթերից ա բերելու, մարդ ինչ աստիճանի մտածելակերպ ունենա, որ չփորձի խնդիրը հրատապ լուծի։

Եթե այսպես շարունակվի, ողջ գյուղով փակելու ենք ճանապարհը՝ ի նշան բողոքի։ Կառավարությունը պետք է հետեւություններ անի, որ էս «Վեոլիա ջրի»-ն պարտավորեցնի, որ արագ լուծեն հարցը, ամբողջ մի քանի ճանապարհներ արդեն սառցակալել են»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի մասին արդեն տեղեկացվել  է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ում հանձնարարականով արդեն համապատասխան մասնագետները մոտենում են նշված վայր, որպեսզի խելք խելքի տան ու խնդիրը լուծեն։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր