211652_close_icon
views-count18901 դիտում article-date 13:17 23-04-2023

Արտակարգ իրավիճակ Երևանում․ Դավիթաշենում խմելու ջրի խողովակաշարը վնասվել Է, ու ջուրը 1 օր է՝ անխնա հոսում է․ եթե թաղապետը, կոմունալի պետն ու 1-ին կարգի մասնագետը օպերատիվ են գործել, «Վեոլիա ջուրը» «արջաքուն է մտել»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 41 շենքի հարևանությամբ՝ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով՝ ջուրը 20 ժամից ավելի է՝ անխնա հոսում ու ողողում է ողջ ճանապարհը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջուրը լցվել է շենքի նկուղային հարկ, որտեղ ջրի բարձրությունը հասնում է մոտ 1,5 մետրի, ինչպես նաև՝ ջուրը, հոսելով, հասել է մի քանի բարձրահարկ շենքերի տարածք։ 

Երեկ, ողջ գիշեր բնակիչներն ահազանգել են «Վեոլիա Ջուր», սակայն հեռախոսազանգերին պատասխանել են՝ «խնդրին տեղյակ ենք, Ձեր զանգերը գրանցված են, խումբը կմոտենա»։

Գիշերը՝ ժամը 03։00-ի սահմաններում խնդրի մասին տեղակացել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը, ով թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Ներսիկ Գալստյանի և 1-ին կարգի մասնագետ Էդուարդ Տոնոյանի հետ ժամը 05։00-ից դեպքի վայրում են։ 

Առավոտյան՝ ժամը 10։00-ին ժամանել են «Վեոլիա Ջուր» ընկերության վթարավերականգնողական խմբի աշխատակիցները, ովքեր այս պահին տրակտորով փորձում են փորելով մոտենալ վթարված խողովակաշարին, որպեսզի խնդիրը լուծեն։

2-րդ թաղամասում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, մինչև խնդիրը լուծվի։ Թաղապետը, կոմունալ բաժնի պետն ու 1-ին կարգի մասնագետը «Վեոլիա Ջրի» աշխատակիցների հետ մասնակցում են վթարավերականգնողական գործին։ Սակայն հարցը պետք է լուծվի ոչ թե կարկատանների միջոցով, այլ ամբողջությամբ՝ պետք է դարն ապրած ջրագիծը փոխվի։ Նախկինում նույն հատվածում 3 անգամ նմանատիպ խնդիր է եղել, ու ամեն անգամ «Վեոլիա Ջուրը» եկել, «վիրահատել է» վթարված ջրագծերը, բայց հարցը վերջնական չի լուծվել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր