211652_close_icon
views-count775 դիտում article-date 16:16 18-01-2023

Տալլինը սատարում է սահմանի երկայնքով ԵՄ տևական դիտորդական առաքելության տեղակայման որոշումը. Էստոնիայի ԱԳ նախարար

Էստոնիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ: Տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել խնդրո առարկայի վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար:

Նախարար Ռեինսալուն իր հերթին շեշտել է, որ Էստոնիան խորապես հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: Ուրմաս Ռեինսալուն ընդգծել է նաև, որ Էստոնիան լիովին սատարում է սահմանի երկայնքով ԵՄ տևական դիտորդական առաքելության տեղակայման որոշումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես հայ-էստոնական համագործակցությունն առավել խթանելուն, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության հարթակն արդյունավետ օգտագործելու խնդիրներին:

Անդրադառնալով Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակին ու հիմնախնդիրներին, Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը միանշանակ որդեգրել է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման մոտեցումը:

Արձագանքելով Հայաստանի նախագահին՝ Էստոնիայի ԱԳ նախարարն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել հնարավոր բոլոր ջանքերը ներդնել տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն աջակցելու ուղղությամբ: Նախարարը նաև ողջունել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայկական կողմի պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր