211652_close_icon
views-count1042 դիտում article-date 21:27 25-11-2022

Բագրատ Ալեքյանը և Կարինե Սարգսյանը` ԵՊԲՀ պատվավոր դոկտորներ

ԵՊԲՀ պատվավոր դոկտորների շարքն այսօր համալրվեց ևս երկու անվանի մասնագետով.  սրտանոթային անվանի վիրաբույժ, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը և Բիոպահպանման և բիոբանկավորման Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Միության նախագահ, Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի հիմնադիր-տնօրեն, Բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, ԵՄ ARICE ծրագրի փորձագետ Կարինե Սարգսյանը դարձան մեկդարյա բուհի պատվավոր դոկտորներ:
Նախքան միջոցառմանն անցնելը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց` հաշվի առնելով համալսարանի մեծ կորուստը` Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության նահապետ Արտաշես Ազնաուրյանի մահվան փաստը, այս միջոցառումն անցկացվում է կամերային, առավել փոքր, ոչ խիստ պաշտոնական մթնոլորտում: Նա պատմեց, որ Նոմինացիոն կոմիտեի արդեն երջանկահիշատակ նախագահ պրոֆեսոր Ազնաուրյանի հետ վերջին զրույցում քննարկել են առաջիկա այցի ընթացքում ակադեմիկոս Ալեքյանին պատվավոր դոկտորի կոչում տալու հարցը և սա այն եզակի դեպքն է, որ պարոն Ազնաուրյանն իր խնդրանքը չհասցրեց կատարել:
«Մեր ավագ սերնդին, ուսուցիչներին, մենք մեծարում ենք, հոգ տանում իրենց մասին, որովհետև նրանք կրթել են սերունդներ, կանգնած են ինչպես բուհի, այնպես էլ բժշկագիտության զարգացման ակունքներում, բայց ցավոք ունենք անդառնալի կորուստներ»,- ասաց Արմեն Մուրադյանը` դոկտորի կոչման հավակնորդներին և Նոմինացիոն կոմիտեի որոշումը ներկայացնելու պարտականությունը փոխանցելով Արտաշես Ազնաուրյանին այս պահին փոխարինող Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Շեկոյանին:
Խոսքն ուղղելով Բագրատ Ալեքյանին, պրոֆեսոր Շեկոյանը նշեց, որ միմյանց ճանաչում են տասնամյակներ շարունակ, նրանց հայրերը ևս ընկերներ են եղել:
Նրա խոսքով` դժվար է գերագնահատել Բագրատ Ալեքյանի ներդրումը  բժշկագիտության զարգացման գործում` սկսած ասպիրանտուրայի տարիներից և ամենակարևորն է, որ նա չմոռացավ իր հարազատ համալսարանը, ուսուցիչներին` պահպանելով ամուր կապ, ընդլայնելով գործընկերայնությունը:
«Շատ պարտավորված եմ իմ մասին ելույթը լսելով: Ինձ համար մեծ պատիվ է լինել այն համալսարանի պատվավոր դոկտոր, որն ավարտել եմ գրեթե կես դար, 48 տարի առաջ: Կրկնակի ուրախալի է տեսնել նաև դասախոսներին, դեմքեր, որոնք կայացրել են մեր համալսարանը»,- շեշտեց  ակադեմիկոս Ալեքյանը` անկեղծանալով, որ բժշկական համալսարանում անցկացրել է  հետաքրքիր տարիներ, որոնք կերտել են որպես բժիշկ իր պատմությունը: Եվ յուրաքանչյուր բժշկի կյանքում այս պատմությունն ուրույն  է ու առանձնահատուկ:
Բագրատ Ալեքյանն անդրադառնալով առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը հատուկ նկատեց, որ այն նաև կայացել է և այս ոլորտում կարևոր առողջապահական ծրագրեր են կյանքի կոչվել, այդ թվում  սրտաբանության ոլորտում  ՌԴ առողջապահության նախկին նախարար Վերոնիկա Սկվորցովայի և պրոֆեսոր Արմեն Մուրադյանի սերտ համագործակության շնորհիվ: 
Միջոցառմանը ներկա պրոֆեսորները` Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանը, Կենսաքիմայի ամբիոնի վարիչ Միխայիլ Աղաջանովը հիշեցին դրվագներ դասախոսական առօրյայից, գիտական գործունեության մեկնակետից, կյանքից` կապված Բագրատ Ալեքյանի` իրենց նախկին ուսանողի հետ, որն այսօր աշխարհահռչակ գիտնական է և իր մեծագույն ավանդն ունի բժշկագիտության զարգացման գործում:
Գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանում ԵՊԲՀ ռեկտորը բուհի շրջանավարտ անվանի բժիշկ-գիտնականներին շնորհավորելով նշեց.
 
«Վերջին հինգ տարում բժշկական բուհն այս պատվաբեր կոչումը շնորհել է շատ հարգարժան մարդկանց, այդ թվում 8 Նոբելյան մրցանակակրի: ԵՊԲՀ պատվավոր դոկտորները մարդիկ են, որոնք ներդրում են ունեցել առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում և թե' իրենց վերաբերմունքով, թե' գործունեությամբ նվիրված են բժշկական համալսարանին: Հարուրամյա համալսարանի համար նման հաջողությունների հասած շրջանավարտներն առավել քան թանկ են»:
Ներկայացնելով Կարինե Սարգսյանի՝ ռեկտոր Արմեն Մուրադյանն ասաց․
 «Կարինե Սարգսյանը ստեղծել է բիոբանկեր Եվրոպայի առաջատար համալսարաններում, հիմնել թվային բժշկության ֆակուլտետ, ինչն այսօր ամենահեռանկարային ուղղությունն է։ Աշխարհում շատ չեն այս ոլորտի մասնագետները, և ինձ շատ հաճելի է, որ նրանցից մեկը մեր համալսարանի շրջանավարտ է։ Կարինե Սարգսյանը պրոֆեսոր է, որի հոդվածները տպագրվում են աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերում, նաև ԱՀԿ փորձագետ է, օրերս դարձավ նաև UCLA հեղինակավոր համալսարանի ամբիոններից մեկի ղեկավարը։ Մենք պետք է սովորեցնենք ուսանողներին երաժշտական կյանք վարել բժշկության նոտաներով, բայց ոչ մի դեպքում չկորցնել բժշկական պրակտիկայի զգացմունքային բաղադրիչը։ Այս ուղղությունը մեզ համար չափազանց ակտուալ է»։
Հայտնելով իր երախտագիտությունը ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու կապակցությամբ՝ Կարինե Սարգսյանն ընդգծեց․
«Այս համալսարանում սովորել եմ լինել մարդ, լինել մտածող բժիշկ, լինել բժիշկ-հետազոտող, սովորել եմ լինել գործընկեր։ Բժշկական համալսարանն իմ տունն է՝ անկախ նրանից, թե որտեղ եմ գտնվում ֆիզիկապես։ Ես դասավանդում եմ աշխարհի 19 տարբեր համալսարանում՝ Կատարից մինչև ԱՄՆ, սակայն այստեղ ես տանն եմ»։
Ընդգծվեց, որ այսօր պատվավոր դոկտորի կոչմանն արժանացած բժշկական բուհի երկու շրջանավարտ չկորցնելով կապը հայրենիքի և հարազատ բուհի հետ, կարևոր ներդրում ունեն Հայաստանում առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում: Նրանց նախաձեռնությամբ մեր երկրում տարբեր ոլորտներում տասնյակ գիտաբժշկական ծրագրեր են կյանքի կոչվել:
 
Հյուրերը նաև Զինվորի տան գործունեությանը ծանոթանալու հնարավորություն ունեցան և նշեցին, որ առավել քան տպավորված են կենտրոնի գրանցած հաջողություններով:
 
Միջոցառմանը ներկա էին նաև ճանաչված ռուս բժիշկ-գիտնականներ Ժաննա Կոբալավան և Սերգեյ Բոյցովը։
Կարևորելով համագործակցությունը` ՌԴ-ից ժամանած մասնագետներն ընդգծեցին, որ իրենց գլխավոր նպատակն է, որպեսզի բուժառուները երկար ապրեն: Հայաստանյան գործընկերների հետ նրանք առաջիկա օրերին մասնակցելու են մասնագիտական ֆորումի` համագործակցությունն ընդլայնելու, առկա խնդիրները քննարկելու նպատակով:  Հանդիպումն անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում:
 

Նմանատիպ նյութեր