211652_close_icon
views-count16625 դիտում article-date 22:14 13-10-2022

Համաճարակի վտանգ՝ Երևանում, բնակելի շենքի նկուղները ողողվել են կեղտաջրերով, բնակիչներն ասում են. «Գոնե այս անգամ պաշտոնյաները ապացուցեն, որ իրենց տված խոստումը տղամարդու է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է, մայրաքաղաքի էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղու 7-րդ շենքի բնակիչները ամեն օր սպասում են մի լավ լուրի, թե, ի վերջո, երբ է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ «ձգելու Վեոլիա Ջրի սանձերը», որպեսզի շենքում վերանա գարշահոտությունը, ու համաճարակ չստեղծվի։

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «20 տարուց ավելի է, ինչ այս խնդիրը կա։ 20 տարվա ընթացքում դիմել ենք թե նախկին, թե ներկա իշխանություններին։ Բոլորն էլ գալիս, նայում են ու այդքանով համարում են իրենց գործն ավարտած։ Մեկ-մեկ խոստանում էլ են, որ խնդիչը կլուծվի, բայց էդ խոստումները փուչիկի նման օդում պայթում են։ Երկու մուտքանի, հինգ հարկանի շենքը, որ կառուցվել է սովետական տարիներին, արդեն դառնում է վթարային։ Կոյուղաջրերը ողողել են շենքի ողջ նկուղային հատվածը ու դրա պատճառով էլ 10 մետրից արդեն հոտը խելռցնում ա։ Կանոնավոր վճարումները բնակիչներս կատարում ենք, էլ արդեն հոգնել ենք քաղաքապետարան ու թաղապետարան դիմելուց։ Իշխանափոխությունից  հետո կառավարություն էլ դիմեցինք՝ մտածելով, որ մեզ  մոտ էլ գարուն կգա, բայց էս կառավարությունն էլ նախորդների նման միայն լապշա կախեց մեր ականջներին։ Պատճառաբանում են, թե խնդիրը մասնավոր սպեկտրի ձեռքում է՝ նշելով Վեոլիա Ջուրը։

Վեոլիա Ջուրն էլ Բազազ Արտեմի նման մենակ գումարները հավաքի։ Ասում են՝ պայքարում ենք կորոնայի դեմ, սա կորոնայից ավելի վտանգավոր է։ Հետաքրքիր է, Վեոլիա Ջրի պատասխանատուները 1 ժամ կհամարձակվե՞ն գան, էս շենքում ապրեն։ Համոզված ենք՝ 1 րոպեով էլ շենքի կողքով անցնելով սրտխառնոց կապրեն։ Մենք ճար չունենք, այդ հոտին համակերպվել ենք, բայց հիմա մեզ ավելի շատ մտահոգում է այն, որ եթե ամիսների ընթացքում խնդիրը չլուծվի, սովետական տարիներին կառուցված կոյուղատարերը, որոնք 50 տարուց ավելի շահագործվել են, չփոխվեն, ապա շենքը դառնալու է վթարային, ու 30-ից ավելի բնակիչներս ընտանիքներով հանդերձ մնալու ենք դրսում»։

Այսօր Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հ. Բալայանի կարգադրությամբ նշված վայր ժամանեցին թաղապետարանի կոմունալ բաժնի պետն ու մեկ այլ պաշտոնյա, ովքեր բնակիչներին տեղեկացրեցին, որ թաղապետը խնդրին ծանոթ է և այդ հարցով դիմել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, վերջինս էլ արդեն որպես հրատապ հարցի լուծում, իր «դաբռոն տվել է», ու 2023 թվականին սկսվելու է նոր կոյուղատարերի կառուցումը։ Բնակիչներն էլ ասում էին. «20 տարուց ավելի է, այդ խոսքերը լսել ենք, գոնե այս անգամ չխաբնվենք, որ հետո չասենք՝ Գյուլնազ տատու հեքիաթը լսեցինք»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր