211652_close_icon
views-count1368 դիտում article-date 10:25 28-09-2022

Ուշագրավ ուղերձներ Ելիսեյան պալատից․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «44-օրյա պատերազմի տարելիցի նախօրյակին Ելիսեյան պալատից հնչեց շատ կարեւոր երեք ուղերձ: ՀՀ վարչապետը եւ Ֆրանսիայի նախագահը հայտարարեցին, որ Ադրբեջանը պետք է իր զինված ստորաբաժանումները դուրս բերի ՀՀ ինքնիշխան տարածքներից: ՀՀ վարչապետի հայտարարությունը հատկանշական է այն առումով, որ այն արվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ներկայում նախագահող Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Փաստ է, որ ՄԱԿ-ը նորանկախ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել է Խորհրդային Միության ներքին վարչատարածքային սահմանների հիման վրա: Ավելին՝ արցախյան առաջին պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդած տարիներին ՄԱԿ-ը մի քանի բանաձեւ է ընդունել, որոնցում, Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության մասին արձանագրումներից բացի, նաեւ դրույթ էր ներառել Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ: Սա փաստում է, որ աշխարհի թիվ մեկ միջազգային կառույցը դե-յուրե սահմաններով ճանաչել է ՀՀ-ն եւ Ադրբեջանը ու ներկայում լավ պետք է տեսնի, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:

Մյուս կողմից էլ 90-ականների պատերազմի եւ ներկայիս ՀՀ սահմաններին տիրող իրավիճակների միջեւ զուգահեռներ հնարավոր չէ անցկացնել, քանի որ արցախյան առաջին պատերազմից հետո հաստատված իրողություններն արցախցիների դեմ կիրառված ադրբեջանական ագրեսիայի պատասխանն էին՝ Արցախի զինված ուժերի մղած հերոսական պայքարի արդյունք, իսկ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի հետեւանք է առանց որեւէ պատճառի:

Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտնեց, որ իրականության հետ աղերս չունեն այն շահարկումները, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճշգրտված սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված եւ դելիմիտացված չէ։ Նա փաստեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը 1991 թ․դեկտեմբերի 8-ին ստորագրել ու վավերացրել են ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը եւ դրանով փաստացի ճանաչել են միմյանց սահմանները։ Նա նաեւ հորդորեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում պահել ադրբեջանական ագրեսիայի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժելու փաստերը:

2020 թ. պատերազմի տարելիցին Ելիսեյան պալատից հնչած մյուս ուղերձն Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության առաջնահերթությունների մասին էր: Սա հստակ խոսք է՝ ուղղված Ադրբեջանին, որ պատերազմներով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հարցերը երբեւէ չեն լուծվել եւ չեն էլ կարող լուծվել, դրանց բանալին քաղաքական երկխոսության սեղանի շուրջ է: Կարեւոր է նաեւ այն, որ այս մասին հայտարարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մայրաքաղաքից:

Փարիզից հնչած երրորդ ուղերձը տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամության մասին էր: Հայտարարվեց, որ երկրների գործող սահմանների ճանաչմամբ պետք է կնքվի այն, իսկ ենթակառուցվածքների բացումը եւ նորերի կառուցումը պետք է լինեն համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնցով դրանք անցնում են։

Ելիսեյան պալատից հնչած ուղերձներն ամբողջացնում են այն հիմնական սկզբունքները, որոնք տեսնում են միջազգային կառույցները եւ հանրությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր