211652_close_icon

Խոշոր չափի գողություն՝ Երևանում. ամուսինները մասնակցել են զինվորի զորացրման ու մեկ այլ զինվորի բանակ ճանապարհելու միջոցառմանը, հաջորդ օրը տունը հայտնաբերել են թալանված. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները տեղում դոփում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3745 դիտում article-date 13:20 05-07-2025
Հունիսի 28-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հերթական գողության դեպք է տեղի ունեցել: 

Այդ օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Աղասու փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում բնակվող ամուսինները, գալով տուն, հայտնաբերել են տան ննջասենյակն ամբողջությամբ տակնուվրա եղած ու թալանված: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 28-ին ամուսինները իրենց 2 անչափահաս երեխաների հետ գնացել են Արմավիրի մարզի գյուղերից մեկում մասնակցելու իրենց հարազատի երեխային բանակից դիմավորելու, իսկ մեկին էլ՝ բանակ ճանապարհելու արարողությանը: 
 
Ամուսինները գիշերը գնացել են Արմավիրի մարզում ու հետո տուն վերադառնալով նկատել են, որ տականքը կամ տականքները իրենց տնից գողություն են արել: 
 
Դեպքի մասին անմիջապես տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: 
 
Տեղում պարզվել է, որ տան ննջասենյակի պահարանից հափշտակել են խոշոր չափի ՀՀ դրամ, խոշոր չափի ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր, ապա իրենց սև գործն անելուց հետո ստահակը կամ ստահակները հեռացել են դեպքի վայրից: 
 
Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության Սեփականության դեմ ուղղված հանցործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, ապա ահազանգով ժամանել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանք ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած ամուիսնների  հարևաններից մի քանիսը, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Մարդ ինչ աստիճանի սրբապիղծ պետք է լինի, որ նման ընտնանիքի տուն մտնի, ամուսինները իրենց քրտինքով արդար հաց վաստակող մարդիկ են, 2 անչափահասների են խնամում, երբեք ոչ մի վատ բան նրանց կողմից չի եղել: Ճիշտ ասած՝ երբ իմացանք, որ իրենց տուն են մտել, զարմացանք, թե էդ որ մի տականքը կամ տականքներն են եղել, որ նման ստոր քայլի են դիմել: 
 
Պատկերացնում եք՝ մարդը գնա զինվոր բարեկամին ճանապարհի բանակ, զորացրված զինվորին էլ դիմավորի, ուրախ սրտով հետ գա ու տեսնի տունն այդ վիճակում, իմացող մարդու գործ է, քանի որ լավ էլ տեղեկացված են եղել, թե որտեղ է պահվում էդ մարդկանց քրտինքով վաստակած գումարն ու ոսկեղենը և որ էդ պահին տանը մարդ չկա:
 
Մենք գիտենք, որ ոստիկանությանը ենթադրյալ կասկածյալի մասին ասվել է, բայց չգիտես ինչու՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները մինչև այժմ տեղում դոփում են, ոչ մի բան չեն անում, թասիբի հարց է, հետո էլ ասում են՝ Երևանը անվտանգ է, տանդ դուռը կարաս բաց քնես, էս դեպքում փակ լուսամուտը բացել ու մտել իրենց տականքությունն արել են, թող ոստիկանները իզուր տեղը լափշա չկախեն թե տուժածների, ինչու չէ՝ նաև մեր՝ հարևաններիս ականջներից, մենք էլ ենք ուզում իմանալ, ով կամ ովքեր են ճիվաղները»: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր