211652_close_icon
views-count1127 դիտում article-date 10:25 09-08-2022

Քաղաքականության մեջ «լավն» ու «վատը» չկա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի իշխանությունները, իշխող խմբակցության պատգամավորները չեն կարող շատ խիստ քննադատական բառեր ասել Ռուսաստանի հասցեին: Թեթեւ դժգոհություններ՝ այո, բայց ագրեսիվ, վիրավորական քարոզչությունը նրանք, հասկանալի պատճառներով, չեն կարող հնչեցնել: Այդ պարտականությունը դրված է իշխանամերձ որոշակի շրջանակների վրա, որոնք կյանքի իմաստը տեսնում են այդ երկրի հասցեին որեւէ խարազանող արտահայտություն անելու եւ Հայաստանում «Կրեմլի գործակալներին» ու «հինգերորդ շարասյունը» հայտնաբերելու մեջ՝ այդ մեղադրանքներն, իհարկե, հնչում են ընդդիմության հասցեին:

Զուգահեռաբար այդ շրջանակները իրենց գոհունակությունն են հայտնում Արեւմուտքից եկող ազդակների կապակցությամբ. «ԿՀՎ ղեկավարը եկել է Հայաստանը փրկելու» կամ՝ «ախ, ինչ հրաշալի, հայանպաստ հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարությունը կամ Եվրախորհրդարանը»: Այդ հայտարարություններն իսկապես հաճախ մեր ականջին հաճելի են հնչում, բայց դրանք դժվար թե էական նշանակություն ունեցան թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ թե՛ դրանից հետո: Կարո՞ղ են արդյոք այդ «հայանպաստ» խոսքերը պաշտպանել մեր հայրենակիցներին Արցախում, ինչպես նաեւ մեր սահմանները: Կարծում եմ, պատասխանը բոլորի համար ակնհայտ է: Պարզ է, որ հիշյալ իշխանամերձ շրջանակների նպատակներից մեկն է «մաքրել»  ներկայիս իշխանությանը որեւէ պատասխանատվությունից Արցախում կատարվող աղետալի իրադարձությունների համար: Կարող են լինել նաեւ զուտ «կորպորատիվ» շահագրգռություններ, ինչպես նաեւ պարզապես գաղափարական ու անձնական հակակրանք:

Եթե խոսքը շարքային քաղաքացիների մասին լիներ, ապա ես այստեղ ոչ մի խնդիր չէի տեսնի. այդ ամենը նորմալ, մարդկային դրսեւորումներ են՝ մարդիկ սովորաբար առաջնորդվում են իրնեց հուզական ընկալումներով: Բայց այստեղ խոսքը նպատակաուղղված քարոզչության մասին է, որի սխալ է ոչ թե այն պատճառով, որ ռուսները լավն են, իսկ ամերիկացիները՝ վատը (կամ հակառակը), այլ՝ որ «լավի» եւ «վատի» կատեգորիաները քաղաքականության մեջ կիրառելի չեն: Հետեւաբար, «հակառուսները», ճիշտ այնպես, (ինչպես եւ «ռուսամետները») սխալ են կողմնորոշում մեր հասարակությանը:

Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Չինաստանը, Թուրքիան, Իրանը առաջնորդվում են բացառապես իրենց շահերով, եւ այդ երկրներից ոչ մեկը չի խոստացել պայքարել Հայաստանի շահերի համար: (Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերն այս պահին շատ կետերում համընկնում են): Ներկայացնել որեւէ մեկին որպես «հակահայ հրեշ», իսկ մյուսին՝ որպես «հայանպաստ հրեշտակ» մանկամտություն է, որը հատուկ է մեր քաղաքական մտքին ոչ միայն վերջին 30, այլեւ առնվազն վերջին 150 տարիների ընթացքում:

Ոմանք այստեղից «խրոխտ» եզրակացություն են անում՝ «հույսը դնենք միայն մեր վրա»: Դա էլ է մանկամտություն. պետք է փնտրել խաղացողներից յուրաքանչուրի հետ շահերի համընկման կետեր, եւ փորձել դրանք հնարավորինս արդյունավետ օգտագործել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր