211652_close_icon
views-count3064 դիտում article-date 18:58 18-04-2026

Առեղծվածային ու արտակարգ դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են՝ մեկը Այրվածքաբանության կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները՝ պետի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մեկն Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս պայութն է տեղի ունեցել և հավանաբար կուտակված գազերի պատճառով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորները աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանն է և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։

Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, մինչև կժամանի քննչական խումբը ինչպես նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր