211652_close_icon
views-count3366 դիտում article-date 10:47 11-07-2018

Դիվանագետ նշանակելու 3 տարբերակներ կան՝ լավագույնը, վիճահարույցը և շատ վատը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն վիճակում, որում գտնվում է մեր երկիրը, դիվանագիտական ծառայությունը ձեռք է բերում նույնքան մեծ նշանակություն, որքան զինվորականը: Կարծում եմ կարիք չկա զարգացնելու այս թեզը՝ ժամանակակից պատերազմը, ինչպես հայտնի է, չի սահմանափակվում բուն մարտական գործողություններով: Պարզ է նաև, որ այդ հարցում կարևոր են ոչ միայն հայեցակարգերը, մոտեցումները, ծրագրերը, այլև կադրերը: Այս հարցում Հայաստանում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ հարթ է եղել: Ընդհանրապես, դեսպաններ, հյուպատոսներ, պատվո հյուպատոսներ և դիվանագիտական այլ պաշտոնյաներ նշանակելու երեք հիմնական տարբերակներ կան՝ լավագույնը, վիճահարույցը և շատ վատը: Լավագույնը պրոֆեսիոնալներին նշանակելն է, մարդկանց, որոնք թե՛ իրենց կրթությանն և թե՛ մտածողությամբ նպատակաուղղված են պետությանը ծառայելուն՝ անկախ իշխանության բնույթից, ռեժիմից և այլն: Վիճահարույց են քաղաքական նշանակումները՝ եթե մարդը իշխող քաղաքական թիմից է, կարող է միանգամայն նվիրված լինել պետական գործին, բայց չունենա մասնագիտական հմտություններ և հեռանա ասպարեզից իշխանափոխությունից հետո: Նման պրակտիկա գոյություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև շատ ավելի զարգացած երկրներում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, և ասել, որ այնտեղ դիվանագետների բոլոր քաղաքական նշանակումները իդեալական են, խիստ չափազանցություն կլիներ: Դրան հակադրվում է զուտ պրոֆեսիոնալ բրիտանական դիվանագիտական ծառայությունը, որը, ինչպես հայտնի է, դարավոր ավանդույթներ ունի: Ամենավատ տարբերակը, այսպես ասած, «տնտեսական» նշանակումներն են: Մարդը տվյալ երկրում բիզնես է անում և ձեռքի հետ զբաղեցնում է դիվանագիտական այս կամ այն պաշտոնը: Առաջին հայացքից դրա մեջ կան դրական կողմեր՝ նա Հայաստան պետությունից փող չի ուզում, նույնիսկ կարող է իր գրպանից գումարներ ծախսել ինչ-ինչ լոբբիստական աշխատանքների վրա: Բայց այդ դրական կողմերը ի չիք են դառնում, եթե հաշվի առնենք, որ այդ գործարարները կենտրոնացած են իրենց բիզնեսի վրա, և օտար երկրում այդ բիզնեսի և Հայաստանի պետական շահերի միջև կարող են հակասություններ լինել: Այդ «տնտեսական» մոտեցումը կարող է բերել նրան, որ Սոչիում ապրող և կասկածելի վարք ունեցող մեր հայրենակիցը դառնում է Հայաստանի արտգործնախարարի խորհրդական: Հաճախ նման գործարարների համար դիվանագետի վկայականը պարզապես գործիք է բիզնեսն ավելի լավ կազմակերպելու համար: Այնպես որ՝ ավելի է լավ հատկապես դեսպանների պաշտոններում լինեն պրոֆեսիոնալներ: Իհարկե, լինում են նաև բացառություններ: Մեզ համար այդպիսի բացառություն է Շառլ Ազնավուրը: Բայց նա ամեն ինչում է բացառիկ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր