211652_close_icon
views-count391 դիտում article-date 13:10 18-04-2026

Ելփին գյուղի բնակիչներն ասում են. «30 տարի է՝ գյուղի մահաբեր էլեկտրասյուները խոստանում էին փոխել, բայց օդ էին դուրս գալիս. հատուկ շնորհակալություն ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին և Եղեգնաձորի էլեկտրոցանցին, որ գործը գլուխ են բերում»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը ապրիլի 9-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Ելփին բնակավայրի ողջ բնակչությունը խնդրանքով դիմել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի ՀԷՑ-ը վերջապես գյուղացիների պահանջը կյանքի կոչի, քանի որ գյուղում կան մեծ թվով փտած, կիսակողաշրջված, ամեն պահի տապալվող բետոնե և փայտե էլեկտրասյուներ, փտած էլեկտրալարեր, ինչի պատճառով երբ քամի կամ անձրև է լինում, հոսանքներն անջատվում են և նույնիսկ ոչ թե ժամերով, այլ օրերով գյուղացիները մնում են առանց հոսանքի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 18-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռ․ Պետրոսյանի հանձնարարականով դարձյալ գյուղ էին ժամանել ՀԷՑ-ի «Եղեգնաձոր» էլեկտրական ցանցի պետ Աշոտ Կարապետյանն ու ցանցի պետի տեղակալ Մուշեղ Ներսիսյանը և իրենց հետ դարձյալ գյուղ էին բերել հատուկ տեխնիկաներ, բետոնե մի քանի սյուներ, էլեկտրական լարեր ու սկսվեց հերթական փտած էլեկտրասյուների հեռացումը և նորերի տեղադրումը։ Մինչ այդ՝ հրապարակումից 2 օր հետո, դարձյալ ժամանել էին ու մի քանի էլեկտրասյուներ փոխարինել։

Այս պահին «Եղեգնաձոր» էլեկտրոցանցի պետ Ա․ Կարապետյանի գլխավորությամբ շարունակվում են աշխատանքները։ 

Գյուղը ժամանակավորապես հոսանքազրկվել է, մինչև աշխատանքների ավարտը։

Առաջիկա շաբաթներին գյուղում էլի վտանգավոր փայտե ու բետոնե էլեկտրասյուներ փոխարինվելու են նորով։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռ․ Պետրոսյանին, «Եղեգնաձոր» ՀԷՑ-ի պետ Ա․ Կարապետյանին, տեղակալ Մ․ Ներսիսյանին, «Եղեգնաձոր» ՀԷՑ-ի ողջ անձնակազմին, ովքեր կարճ ժամանակում մեր խնդրանքը վերջապես դարձրեցին իրականություն։

Վստահ ենք, որ կարճ ժամանակում գյուղում այլևս մահաբեր էլեկտրասյուներ ու էլեկտրալարեր չեն լինի ու ամեն մի ստից քամու պատճառով հոսանքից չենք զրկվի։

Ճիշտն ասած դեռ սովետական տարիներից՝ վերջին 30 տարվա ընթացքում բազմիցս դիմել ենք, բայց միշտ դատարկ խոստումներ ենք ստացել։ Այս անգամ էլ ասացինք՝ մի անգամ էլ փորձենք, բայց չէինք հավատում։ Ու երբ տեսանք, թե ինչպես Եղեգնաձորի ՀԷՑ-ը հատուկ տեխնիկայով, էլեկտրասյուներով եկավ գյուղ, հավատացինք, որ մեր խնդրանքը իրականություն դարձավ։ Նորից առիթից օգտվելով շնորհակալություն ենք հայտնում ՀԷՑ-ին, Եղեգնաձորի էլեկտրոցանցին՝ այս լավ գործն իրականություն դարձնելու համար»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 9-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Ելփին բնակավայրում էին հավաքվել տեղաբնակները, ովքեր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին.

«Դեռ սովետական տարիներից մեր գյուղում եղել են փայտե, որոշ հատվածներում էլ բետոնե էլեկտրասյուներ ու սովետական տարիներին լավ, թե վատ, այդ սյուներն իրենց գործն արել են։ Դրանց վրայով անցկացված էլեկտրալարերի շնորհիվ էլեկտրամատակարարում ստանում էինք, բայց արդեն 10 տարուց ավելի է երբ մի թեթև քամի է լինում, էլեկտրալարերը կպնում են իրար, հավանաբար ունեն բաց տեղեր, ու հոսանքն անջատվում է երբեմն ոչ թե ժամերով, այլ օրերով։

Բազմաթիվ անգամներ դրա պատճառով նաև էլեկտրատեխնիկաներն են փչացել, նույնիսկ եղել է դեպք, որ մարդու անասնագոմի վրայով անցնող լարերի՝ իրար կպնելու պատճառով խոշոր հրդեհ է առաջացել։

Երեխաները դասի են գնում մի քանի մահաբեր էլեկտրասյուների տակով։ Էլ չենք ասում, որ որոշ հատվածներում էլ 110 վոլտ էլեկտրական լար է անցնում ու դա նույնպես մեծ վտանգ է ներկայացնում։

Չգիտենք էլ ինչ անենք, անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեկնածուներին ենք ներկայացրել այդ խնդիրը ու բոլորը սարեր էին խոստանում, բայց դեպուտատի մանդատը ձեռք բերելուց հետո դրանց խոսքերին ասես տոկը տվեց, մոռացան, թե ինչեր էին խոստանում ու մինչև այսօր։

Վերջին ամիսներին շատ ենք լսել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, մեծ աշխատանքներ են իրականացրել ու շարունակում են այդ գործը թե՛ Երևանում, թե՛ մարզերում՝ վտանգավոր էլեկտրասյուներն ու էլեկտրալարերը նորով փոխարինելու ուղղությամբ 

Հիմա մեր գյուղի մոտ 1500-1600 բնակիչների անունից խնդրում ենք Ռ. Պետրոսյանին, որ այդ աշխատանքներն իրականացնել տա նաև մեր գյուղում։

Նույնիսկ երեկ և այսօր քամու հետևանքով գյուղում ժամերով մնացել ենք առանց լույս։

Վստահ ենք եթե ամեն պահի տապալվող, դարն ապրած էլեկտրասյուներն ու «ճմրթված» էլեկտրալարերը փոխեն, մենք այլևս այդ խնդիրը չենք ունենա ու գիտենք, որ այդ լուծումը կախված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից, դրա համար էլ դիմում ենք իրենց»։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ գյուղում նմանատիպ վտանգավոր էլեկտրասյուներն ամեն պահի հնարավոր է իրոք տապալվեին՝ վնասելով մարդկանց տանիքները, իսկ եթե տապալման պահին էլ մարդիկ անցնեին կամ վարորդները մեքենան վարելիս լինեին, չէր բացառվում, որ դառնային փայտե այդ փտած գերանների, ու ինչպես գյուղացիներն էին նշում, «ճմրթված» էլեկտրալարերի զոհեր։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր