211652_close_icon
views-count893 դիտում article-date 16:30 16-07-2022

Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճում առաջատարը Թոմ Թուգենդհաթն է

Ուրբաթ երեկոյան Լոնդոնում կայացել է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնին հավակնող հինգ թեկնածուների առաջին հեռուստաբանվեճը։ Այն հեռարձակվել է բրիտանական Չորրորդ ալիքի եթերում և շարունակվել է ավելի քան մեկ ժամ։ Հաղորդում է «Ազատությունը»։

Դրա ընթացքում Պահպանողական կուսակցությունն ու կառավարությունը ղեկավարելու հայտ ներկայացրած գործիչները անդրադարձել են մի շարք ներքաղաքական և արտաքին քաղաքական թեմաների։ Առավել թեժ բանավեճ է ծավալվել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի և արտգործնախարար Լիզ Թրասի միջև։ Թրասը քննադատել է Սունակի՝ հարկերը բարձրացնելու առաջարկը, ինչին ի պատասխան վերջինը նշել է, որ արտգործնախարարը հավատում է «տնտեսության ոլորտին առնչվող հեքիաթներին»։

Բանավեճից անմիջապես հետո բրիտանական Օpinium սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները վկայել են, որ հեռուստադիտողների 36 տոկոսը հավանության է արժանացրել Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Թուգենդհաթի ելույթը, 24 տոկոսին դուր են եկել Ռիշի Սունակի հայտարարությունները։ Ընտրարշավի անակնկալ առաջատարներից մեկի՝ Պաշտպանության նախկին նախարար Փենի Մորդոնտի օգտին է արտահայտվել հարցվածների 12 տոկոսը։

Բրիտանացի հեռուստադիտողների համոզմամբ՝ բանավեճի գլխավոր հետնապահը արտգործնախարար Լիզ Թրասն էր, որի հայտարարությունները համոզիչ է որակել հարցման մասնակիցների միայն 7 տոկոսը։

Նմանատիպ նյութեր