211652_close_icon
views-count1440 դիտում article-date 23:28 03-03-2022

Իրականացվելու է խոսքի ազատության և ԶԼՄ անվտանգության մոնիտորինգ

2022 թվականի մարտի 1-ից «Հանուն չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպությունը սկսել է Հայաստանի եւ Արցախի տեղեկատվական դաշտի մշտադիտարկման աշխատանքները, որոնց նպատակն է խոսքի ազատության, լրատվամիջոցների ազատ գործունեության, լրագրողների իրավունքների պաշտպանության ապահովումը։
 
Այդ կապակցությամբ «Հանուն Չորրորդ Իշխանության» հասարակական կազմակերպությունը դիմում է բոլոր լրատվամիջոցներին օպերատիվ կարգով  տրամադրել տեղեկատվություն՝ խոսքի ազատության, մասնագիտական գործունեության սահմանափակման եւ այլ դեպքերի հետ կապված:
 
Ամեն ամսվա համար կներկայացվի ամփոփ տեղեկություն ՖԲ էջում եւ հասցեագրված նամակագրությամբ: Այսպիսով՝ մոտավոր 3-4 ամիս անց կձեւավորվի ընդհանուր պատկեր, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանի եւ Արցախի լրատվական եւ լրագրողական համայնքում:
 
Առավել աղմկահարույց դեպքերին հրավիրվելու է պատկան մարմինների ուշադրությունը:
 
Նշենք, որ «Հանուն չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպության գործունեության առարկան է՝ օբյեկտիվ լրատվության և լրագրողական գործունեության պաշտպանությունը։
 
Կազմակերպության գործունեության նպատակները և խնդիրներն են՝
- Խոսքի ազատության պաշտպանությունը
- Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքում օբյեկտիվ լրատվության պաշտպանությունը թե պետական և թե մասնավոր ներգործությունից
- Լրագրողական գործունեության պաշտպանությունը պետական և ոչ պետական/մասնավոր ներգործությունից
- Լրագրողի անձնական իրավունքների ապահովումը և պաշտպանությունը
- Լրագրողի ֆիզիկական անվտանգության ապահովումը թե աշխատանքի շրջանակներում և թե դրանից դուրս
- լրագորղական էթիկայի պաշտպանությունը
- Լրագրողների իրավունքների և խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների մշտադիտարկումը և աշխատանքի գնագատումը։
 
2021թ-ի մայիսին նախաձեռնող խմբի անդամներով ՝ Բագրատ Մովսեսյան, Արմինե Եփրեմյան, Նաիրա Փայտյան, Թագուհի Ասլանյան եւ Լիլիթ Աղաջանյան, ստեղծեցին «Հանուն Չորրորդ Իշխանության» ՀԿ, որպեսզի բարձրաձայնեն լրագրողների իրավունքների մասին և ստանան օբյեկտիվ, մատչելի և անկողմնակալ տեղեկատվություն սահմանամերձ գոտիում տիրող իրավիճակի մասին, կարողանան ազատ լուսաբանել /բնական է, ելնելով երկրի անվտանգության առաջնահերթությունից/, մատուցել ճշտված տեղեկատվություն։

Ձեռնարկվեց նաև ստորագրահավաք՝ դիմելով ՀՀ վարչապետին, պաշտպանության, արտաքին գործերի նախարարություններին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին։ Ավելի քան մեկ ամիս անց նախաձեռնող խումբը ստացավ կառավարությունից ՊՆ վերահասցեավորված նամակի պատասխանը, որով, փաստացի, դիմումը մերժվեց։
 
Նույն ժամանակահատվածում լրագրողներն ականատես եղան նաև գործընկեր լրատվամիջողների նկատմամբ ոչ միայն ոչ բարյացակամ, այլ նույնիսկ ագրեսիվ վերաբերմունքի /tert.am, Հրապարակ/, անգամ զրպարտության դրսևորումներին։ Ցավոք, ոչ մի արձագանք պատկան լրագրողական կառույցների կողմից չհետևեց։
 
Հասարակական կազմակերպությունը եղել է ու շարունակելու է մնալ ապաքաղաքական, չի ֆինանսավորվում դրսի կամ ներսի որևէ աղբյուրներից և գործելու է թափանցիկ և հասանելի
 
 «Հանուն չորրորդ իշխանության» ՀԿ թիմ
 

Նմանատիպ նյութեր