211652_close_icon
views-count421 դիտում article-date 09:52 18-11-2026

ՀՀ գազամատակարարման համակարգի օբյեկտներն ամբողջությամբ պատրաստ են աշուն-ձմեռ 2026–2027 թթ. ժամանակահատվածին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2026թ․ արտադրական ծրագրերով նախատեսված պլանային պրոֆիլակտիկ և նորոգման աշխատանքներն իրականացվել են ամբողջական ծավալով և հաստատված ժամանակացույցի համաձայն, հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է աշուն-ձմեռ 2026–2027 թթ. ժամանակահատվածին։ Այս մասին հայտնում է ընկերությունը։

Ամբողջական ծավալով ավարտված են «Ղազախ-Երևան» 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի և «Մարալիկ-Կարմրաշեն» 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքները: Իրականացվել է հակակոռոզիոն մեկուսիչ ծածկույթի փոխարինում և հատվածների նորոգում՝ խողովակների փոխարինմամբ։ Մայրուղային գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 37 կմ։

րականացվել է թվով 6 փականային հանգույցների կապիտալ նորոգում՝ «Մեղրի-Քաջարան», «Ղազախ-Երևան», «Սևան-Ջրաբեր», «Վանաձոր-Ալավերդի» և «Մարալիկ-Կարմրաշեն» մայրուղային գազատարների վրա։ Ներկայում ընթանում են նշված փականային հանգույցներում հեռակառավարման համակարգերի ներդրման աշխատանքներ։

Ավարտված են «Վանաձոր-1», «Արարատ», «Մեղրուտ», «Սարուխան» և «Այգուտ» գազաբաշխիչ կայանների տեխնոլոգիական սարքավորումների համալիր նորոգման աշխատանքները։

Աբովյանի ԳՍՊԿ-ում բնական գազի ներմղման աշխատանքներն ավարտվել են հաստատված ժամանակացույցի համաձայն։ Անհրաժեշտ ծավալով պահեստավորված գազի օպերատիվ պաշարը ձմեռային ժամանակահատվածում պիկային անհավասարությունների պայմաններում հուսալի և անխափան գազամատակարարման ապահովման հիմնական գործոններից է։

Իրականացվել է գազաբաշխիչ ցանցի միջին և ցածր ճնշման գազատարների կապիտալ նորոգում Երևան քաղաքում, ինչպես նաև Շիրակի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի ավելի քան 40 բնակավայրերում։ Գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 173 կմ։

Հայաստանի ամբողջ տարածքում 2026թ․ ընթացքում իրականացվել է նաև թվով 200 ՊԳԿԿ-ների կապիտալ նորոգում (փոխարինում)։

Ըստ հաստատված ժամանակացույցերի՝ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) մասնագետների կողմից կատարվել է շուրջ 810 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա մետաղական գազատարների գործիքային ստուգում։

Ստացված տվյալների հիման վրա «Ինժեներատեխնիկական կենտրոն» մասնաճյուղի Ախտորոշիչ հետազոտման ծառայությունն իրականացրել է ավելի քան 66 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա մետաղական գազատարների համալիր ախտորոշում։

Նմանատիպ նյութեր