2278 դիտում
14:27 27-02-2020
Սուտ մատնությանը վերաբերող նոր հոդվածով սլաքներն ուղղվելու են ազատ խոսքի դեմ, ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ. Երվանդ Վարոսյան. Tert.am
Քննարկման փուլում գտնվող նոր Քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվող սուտ մատնությանը վերաբերող 450-րդ հոդվածով սլաքներն ուղղվելու են ազատ խոսքի դեմ, ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/02/27/Varosyan/3221802?fbclid=IwAR32Y0ud8RHIPQ47oZj1TmlH7CbhzGjMOPzAr8pYm8x4J5aLrodMwm8GXxQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանը նշեց՝ սուտ մատնության էությունը բոլորովին այլ է, քան առաջարկվում է այդ նախագծով: «Սուտ մատնությունը նախատեսված եղել է ոչ միայն մեր Քրեական օրենսգրքով, այլև շատ այլ երկրների. այն է՝ անձի կողմից իրավապահ մարմիններին դիմել՝ մեկ այլ անձին հանցագործության մեջ մեղադրելով: Ընդ որում, մատնություն կատարող անձը պետք է գիտակցի, որ իր տված տեղեկությունը սուտ է, ու դա կատարի դիտավորությամբ: Այժմ փորձ է կատարվում ընդլայնել այդ հոդվածի կարգավորման առարկան՝ ներառելով նաև ԶԼՄ-ներով արված հրապարակումները»,-պարզաբանեց փաստաբանը՝ նշելով, թե դա տրամաբանությունից դուրս է և հանգեցնելու է նրան, որ ցանկացած իրավակիրառ ցանկացած հրապարակում, որտեղ նշում կարող է լինել ենթադրյալ հանցագործության մասին, կարող է որակել որպես սուտ մատնություն:
«Իսկ հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, ես կարծում եմ, որ սա ընդդիմադիր մամուլը լռեցնելու ուղիղ մեխանիզմ է դառնալու»,-նշեց Վարոսյանը:
Ըստ փաստաբանի՝ հոդվածն անհասկանալի է հատկապես այն տեսակետից, որ այսօր էլ կա նույն գործիքակազմը, և անձն, ում նկատմամբ տեղի է ունեցել սուտ մատնություն, որը որակվում է զրպարտություն, կարող է պաշտպանել իր իրավունքները՝ համապատասխան հայցադիմում ներկայացնելով դատարան:
«Մենք չգիտենք՝ ում ենք պաշտպանում այս փոփոխությամբ, ում ենք ուզում իրավական պաշտպանության ներքո վերցնել. անձի՞ն, ում մասին հրապարակում է եղել, որում նրան մեղադրում են ենթադրյալ հանցագործության մեջ: Այսօր այդ անձն ունի իր իրավունքները պաշտպանելու գործիքակազմ: Ես չեմ պատկերացնում իրավիճակ, որ անձը ցանկություն ունենա զրպարտության հետ կապված հայց ներկայացնել անգամ լրատվամիջոցի դեմ, ու չկարողանա դա կատարել: Ինչն է պատճառը, որ լրացուցիչ անգամ փորձում են այդ անձին վերցնել պաշտպանության ներքո: Քանի որ այդ անձինք լրացուցիչ պաշտպանության կարիք չունեն, հասկանալի է դառնում, որ սա բոլորովին այլ նպատակներ հետապնդող փոփոխություն է»,-ասաց Վարոսյանը:
Փաստաբանը նշեց նաև, թե շատերը մշտապես փորձում են ՌԴ օրենսդրությունը ներկայացնել որպես «դրակոնյան», մարդու իրավունքները սահմանափակող, բայց անգամ այդ «դրակոնյան» իրավական համակարգում նման կարգավորում գոյություն չունի:
Հարցին՝ առկա՞ է գործիքակազմ՝ ապացուցելու, որ անձը, որն այլ անձի վերաբերյալ ենթադրյալ հանցագործության մասին տեղեկություն է հայտնել լրատվամիջոցին, գիտակցել է, որ այն սուտ է, և արել է դիտավորությամբ, փաստաբանը պատասխանեց, թե այսօր էլ է բավականին բարդ լինում նման հաղորդումների դեպքում հիմնավորել, որ անձն ի սկզբանե գիտակցել է, որ սուտ մատնություն է կատարել: «Նոր հոդվածն էլ ավելի է բարդացնում իրավիճակը և հանգեցնելու է իրավական անորոշության, և մենք կրկին մտնելու ենք մեկնաբանությունների դաշտ, իսկ որքան նորմն անորոշ է, այնքան այն սխալ և կամայական մեկնաբանելու հնարավորությունը լայնանում է»,-ասաց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/02/27/Varosyan/3221802?fbclid=IwAR32Y0ud8RHIPQ47oZj1TmlH7CbhzGjMOPzAr8pYm8x4J5aLrodMwm8GXxQ]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3005 դիտում
20:02 17-09-2018
Սա մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է.«Ազատ միտք և ազատ խոսք» հկ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»