211652_close_icon
views-count32921 դիտում article-date 20:46 24-02-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Ազատ Սահակյան. «Նվիրում» գիրքը մի փոքրիկ ակնարկ է քո հերոսական անցյալից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնում, տեղի ունեցավ հուշ միջոցառում, որը կրում էր «Նվիրում»  խորագիրը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն  նվիրված էր Արցախյան  44-օրյա պատերազմում 42 օր մարտնչած, նահատակված, լեգենդ դարձած Ազատ Սահակյանին:

Երեկ երիտասարդ հերոսը  կդառնար 21 տարեկան:

Հուշ- ցերեկույթին ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ մանկական, պատանեկան, ուսանողական և զինվորական:

Ներկա էին նաև հերոսածին մայրեր, որոնց որդիները նույնպես դարձել են լեգենդ, իրենց կյանքը  զոհաբերելով  44-օրյա պատերազմի ժամանակ:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ելույթով հանդես եկան ներկաներից  մի քանիսը, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակի  N զորամասի հրամանատարի տեղակալը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին լեգենդ դարձած հերոսների  հիշատակը: Հուզիչ էր սիրված ու ճանաչված երգչուհի Սոնա Շահգելդյանի կատարումը:

Միջոցառումից հետո ներկաները այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու և խնկարկում կատարելու հերոսի շիրիմին:

Ազատ Վահեի Սահակյանը ծնվել է 2001թ.-ի փետրվարի 23-ին։
Սովորել է Նոր Նորք վարչական շրջանի թիվ 198 ավագ դպրոցում։

Մինչ զորակոչվելը ավագ դպրոցի հետ համատեղ սովորում էր նաև Երևանի պետական արհեստագործական ուսումնարանում՝ ընտրելով «Խոհարարական գործ» բաժինը: Այնուհետև դպրոցն ու ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվում է Խաչատուր Աբովյանի անվան​ պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ` հոգեբանության բաժին։

Ծառայել է Արցախի Հանրապետության Մարտունի 3 զորամասի առաջին գումարտակի առանձինների նռնականետային դասակում։ Ծառայության ընթացքում ստացել է սերժանտի կոչում։

 
Պատերազմի ընթացքում մասնակցել է Հադրութի, Մարտունու թեժ մարտերին: Վերջին թեժ մարտը եղել է Կողակ սարի վրա:

Ազատը շատ աստվածավախ և աստվածապաշտ էր, զինակից ընկերներին սովորեցրել է աղոթել. ամեն մարտից առաջ ծնկաչոք աղոթք էին անում: Սակայն Աստված այլ ծրագիր ուներ... Նոյեմբերի 7-ին նա բռնեց հավերժի ճամփան:


Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշանով։

​Ինչպես նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կողմից պարգևատրվել է «Մանկավարժական համալսարան» մեդալով։


Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 328+
328+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր