211652_close_icon
views-count1501 դիտում article-date 12:40 25-01-2022

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու. պատգամավոր

Իշխանությունը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների պնդումները, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, համարում է անհիմն, մերկապարանոց հայտարարություններ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին վստահեցրին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող տեսակետներին, որ կան քաղբանտարկյալներ, մասնավորապես քաղբանտարկյալ է Առուշ Առուշանյանը:

«Քաղբանտարկյալ եզրույթն արդեն ամփոփում է խնդրի էությունը: ԵԽԽՎ բանաձևերով էլ դա ամրագրված է: Նրա փաստաբանն ասում է, որ խափանման միջոցը փոխեն, չի ասում, որ մարդը անմեղ է, որևէ բան չի արել, այլ ընդամենը խափանման միջոցի փոփոխման հարցն է առաջ քաշում: Ոչ թե քաղբանտարկյալի, այլ դատական, իրավական վեճի մասին է հարցը: Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու այլևս»,-ասաց Վահագն Հովակիմյանը:

Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ կալանավորումների, ձերբակալությունների վերաբերյալ ընդդիմության մեկնաբանությունները միշտ նույնական են: «Կամ դրանք որակվում են որպես քաղաքական հետապնդումներ, կամ էլ պարզվում է, որ կալանավորվածը կամ ձերբակալվածը ինչ-որ առողջական խնդիրներ ունի, և այդ հիմքով են որոշակի բողոքներ ներկայացնում, փորձում խափանման միջոցները փոխել»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ երբ ներկայիս ընդդիմությունը ՀՀ-ում իշխանության է եղել, այդ ժամանակ են Հայաստանում եղել քաղբանտարկյալներ:

«Սրանք պարզապես քաղաքական մերկապարանոց հայտարարություններ են այսօրվա ընդդիմության կողմից»,- ասաց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր