211652_close_icon
views-count23423 դիտում article-date 16:08 27-12-2021

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաներին պետությունը կաջակցի աշխատանք գտնելու հարցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել նոր ծրագիր, որի գլխավոր շահառուները լինելու են պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նախ գնահատվելու են նրանց կարիքները, հստակեցվելու են, թե կոնկրետ ինչ ուղղություններով հմտությունները զարգացնելու անհրաժեշտություն կա: Այնուհետև նրանք ներգրավվելու են վերապատրաստման ու հմտությունների զարգացման ամենատարբեր ծրագրերում: Համագործակցելով գործընկեր կազմակերպությունների, գործատուների հետ՝ աջակցություն է տրամադրվելու աշխատանք գտնելու հարցում:

Մինչև ծրագրի մանրամասների կազմելը հստակեցվելու են նաև այն մեխանիզմները, որոնցով Հայաստանում գործող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններն իրականացնելու են շահառուների կարիքների գնահատում: Նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս ծրագրի հիմքում արցախյան պատերազմի մասնակից տղաների, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներն են:

«Այդ աշխատանքներ մեզ ստիպեցին մտածելու մի նոր համակարգի մասին՝ հստակեցնելու, թե պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ինչ պետք է անի պետությունը, որ այդ տղաները վերապատրաստվեն, զարգացնեն հմտությունները: Մենք հիմա աշխատում ենք այդ համակարգի վրա և եկող տարվա ծրագրերի մեջ են մտնում լայնամասշտաբ վերապատրաստումները: Իհարկե, այստեղ շատ կարևոր է կարիքների գնահատումը, հենց այդ գործընթացից են բխելու մեր հետագա անելիքները»,-ասա Նարեկ Մկրտչյանը:

Անդրադառնալով պատերազմի մասնակիցներին, ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներին՝ նախարարը նկատեց, որ այս տարի կառավարությունը հաստատեց մի ծրագիր, որով արդեն աջակցություն կցուցաբերվի  90-ականներից ի վեր, երբևէ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց:

Աջակցությունն ուղղված է ինչպես հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքի ընդունելու պարագայում միջավայրի հարմարեցմանը, այնպես էլ աշխատավարձից  հաշվարկված եկամտային հարկի մինչև 100 հազար դրամ փոխհատուցմանը:

Նախարարը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ակտիվ աշխատել են ինչպես մյուս գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների հետ պատերազմի մասնակիցների հմտությունների զարգացման ու աշխատանքի տեղավորման նպատակով: «Նրանք իրոք կարող ուժեր են, պետք է նրանց հմտությունները զարգացնել ու հնարավորություն տալ աշխատաշուկայում դառնալ ավելի մրցունակ»,-հավելեց նախարարը:

Նմանատիպ նյութեր