Ուղիղ 30 տարի առաջ այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը
Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1991 թ. դեկտեմբերի 25-ին, Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:
«1991 թ. դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին», - նշված է հայտարարության մեջ:
Ամերիկյան դեսպանատունը նաև հիշեցրել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը շատ ավելի վաղ շրջանում է սկիզբ առել:
Միացյալ Նահանգները ճանաչել է նաև Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը 1918-20 թթ. կարճ ժամանակահատվածում: ԱՄՆ պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին դիվանագիտական նոտա է փոխանցել Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Բաստրմաջյանին՝ տեղեկացնելով Հայաստանի անկախությունը ճանաչելու նախագահ Վուդրո Վիլսոնի որոշման մասին: Որոշման մեջ նախագահ Վիլսոնը շեշտում էր, որ այդ ճանաչումը «ոչ մի կերպ չի կանխորոշում տարածքային սահմանները, որոնք … հետագա սահմանազատման հարցեր են»: