211652_close_icon
views-count2555 դիտում article-date 22:10 12-10-2017

Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում են Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) համագործակցության 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է 25-ամյա արդյունավետ համագործակցության և բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, որոնք միանշանակ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար, ամրապնդել են երկկողմ մշակութային և ուղղակի պարզ մարդկային կապերը: Իր ելույթում Կարեն Կարապետյանը նշել է. «1992 թվականից սկսած մենք՝ ի դեմս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ունենք վստահելի գործընկեր: Գործակալության հետ միասին այս տարիներին իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով և շեշտը դնելով այն մարտահրավերների վրա, որոնք առավել արդիական են եղել կոնկրետ այդ պահին և իրավիճակում: Որո՞նք էին դրանք. 90-ականներին դրանք հիմնականում կապված էին Հայաստանում շուկայական տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման հետ, ինչպես նաև նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետևանքների վերացմանը, հումանիտար բնույթի ծրագրեր էին: 90-ականների վերջից անցում կատարեցինք համագործակցության նոր ձևաչափի՝ հանուն կայուն տնտեսական զարգացման, շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար: Շարունակեցինք աշխատել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և կայացման վրա: Ներկայում շարունակում ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիիվ ծրագրերի վրա: Այսօր ուզում եմ նաև անդրադարձ կատարել այն փաստին, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որն այսօր մեզ հյուրընկալում է, և որն այս տասնամյակների ընթացքում հազարավոր բարձրակարգ կադրեր է տրամադրել Հայաստանին, ևս կայացել է Միջազգային զարգացման գործակալության և բազմաթիվ բարերարների ներգրավման շնորհիվ: Ամերիկյան համալսարանը հանդիսանում է մեր որակյալ կրթական հաստատություններից մեկը, և ողջունելի է, որ տարեցտարի այն ընդլայնվում է և առաջարկում էլ ավելի ընդգրկուն կրթություն մեր ուսանողներին: Հարգելի գործընկերներ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում են Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, բայց վստահ եմ, որ ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտենցիալ, որ պետք է զարգացնենք և իրականացնենք: Ներկայում Հայաստանն անցնում է բարեփոխումների նոր փուլի միջով: Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում` ապահովելու կայուն, երկարաժամկետ աճ երկրի համար և Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար: Մեզ անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություններ: Իմ ելույթի սկզբում նշեցի, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ տարիների ընթացքում իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով: Ներկայիս մեր ամենակարևոր հրամայականներից են այն բարեփոխումները, որոնք իրականացնում ենք Հայաստանում, և մենք չենք թաքցնում, որ ակնկալում ենք մեր գործընկերների անմիջական և ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ՝ այս կարևորագույն բարեփոխումների իրականացման գործընթացում: Հուսով եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ այս 25 տարիների հիմքի վրա ամրացած և կայացած համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի կընդլայնվի, և մենք նոր որակ և մակարդակ կհաղորդենք մեր հարաբերություններին: Սրտանց շնորհավորում եմ և ցանկանում եմ լավ տրամադրություն: Շնորհակալություն»:

Նմանատիպ նյութեր