211652_close_icon
views-count2052 դիտում article-date 11:01 11-12-2021

Արդյո՞ք պատասխան տալու են նրանք, ովքեր դարձել են Նիկոլ Փաշինյանի հլու կամակատարը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Տպավորություն է առաջանում, թե օրենքներն ու պատասխանատվության դաշտը միայն հասարակ քաղաքացիների ու հատկապես իշխանություններին քննադատողների ու ընդդիմադիրների համար են։

Կարծես թե օրենքը միայն նրա համար է, որ մահակի պես օգտագործվի ընդդիմադիր գործիչներին լռեցնելու ու հետապնդելու հարցում։ Իշխանություններն ինչքան ցանկանում, այնքան էլ խախտում են Սահմանդրության ու օրենքների սահմանած նորմերը, իսկ եթե ընդդիմադիրների վրա բիծ գտնելու համար նույնիսկ չկան նախատեսված իրավակարգավորումներ, ապա դրանք կարելի է ստեղծել կամ հորինել։ Ու հորինված և կարված գործերը բացարձակ մեծամասնությամբ այնքան խղճուկ են, այնքան ճչացող անօրինականությամբ, որ ճանապարհի կեսից քանդվում են ու չեն հասնում իրենց հանգրվանին։ Արդյունքում օդում կախված է մնում միայն այն հարցը, թե, ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա մարդկանց անօրինական, բացառապես քաղաքական դրդապատճառներով, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ մեկ անձի քմահաճույքներով իրականացվող հետապնդումների համար։ Ուշագրավ է, որ իշխանական բազմաթիվ նախաձեռնություններ ու կարված գործեր նույնիսկ ՍԴ-ի մակարդակով են ճանաչվում սահմանադրությանը հակասող։

Այսպես, օրինակ՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում է երկրորդ նախագահը։ Երեկ էլ հրապարակվեց ՍԴ որոշումը պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Ըստ ՍԴ-ի, անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Այսինքն, Բարձր դատարանը ամրագրեց այն, ինչ սևով սպիտակի վրա գրված է Սահմանադրության մեջ, ինչ արձանագրում էին բոլոր ադեկվատ իրավաբանները, բայց ինչի հետ ոչ մի կերպ համաձայն չէին դատախազությունն ու մի քանի դատավորներ:

Ստացվում է, որ այսքան ժամանակ ընդդիմադիր պատգամավորներն ապօրինի կալանքի տակ են պահվել, այնինչ դեռ ամիսներ առաջ պետք է ազատ արձակված լինեին։ Արդյո՞ք պատասխան տալու են նրանք, ովքեր դարձել են Նիկոլ Փաշինյանի հլու կամակատարը և նրա հրահանգով մածունը սև են հայտարարում, ինչի արդյունքում տուժում են մարդիկ: Հիմա՝ դժվար թե: Բայց Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, սա պետք է հիշի ցանկացած ոք, ով նորից կշարունակի Նիկոլի քմահաճույքների համար տրորել Սահմանադրությունն ու օրենքները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր